factor.am Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 15 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Այս մասին Factor TV-ին հայտնում են Քննչական կոմիտեից։ 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը, 1-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։
Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 29 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ 19 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը ու մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու հոդվածներով, 10 անձի նկատմամբ՝մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու և զանգվածային անկարգություններին մասնակցելուն դրդելու հոդվածներով։
Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում հոկտեմբերի 20-ի առավոտից իրավապահները Գյումրիի համայնքապետարանում քննչական գործողություններ էին իրականացնում:
Քրեական վարույթը վերաբերում է Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու դեպքին։ Որպես վարույթին առնչվող փաստական տվյալ՝ հրապարակվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետի խոսակցության գաղտնալսված ձայնագրությունը: Վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք՝ այդ թվում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Վերջինս դատարանի որոշմամբ 2 ասով կալանավորվել է։
Քննչական գործողությունների ողջ ընթացքում Գյումրու համայնքապետարանի մոտ իրավիճակը լարված է եղել, տեղում ծառայություն են իրականացրել ոստիկանության մեծաթիվ ուժեր։