Հովհաննավանքում իրավիճակը լարվել է․ եկեղեցում է Ստեփան Ասատրյանը (մինչեւ կարգալույծ հռչակվելը՝ Տեր Արամ)։ Բակում հավաքված են նաև գյուղի բնակիչներ, նրանցից մեկը պնդեց, որ սա իրենց գյուղի եկեղեցին է, եւ իրենց քահանան Տեր Արամն է։
Եկեղեցու բակում էին նաև հոգևորականներ, որոնք Ստեփան Ասատրյանին էին ներկայացնում կարգալույծ լինելու ծանուցագիրը։
Ստեփան Ասատրյանի խոսքով՝ ինքը չի ընդունում ծանուցագիրը․ «Ես այդ կառույցը, որն էս թուղթն ուղարկել ա, չեմ հարգում», – նշեց նա։
Այսօր Հովհաննավանքում նաև պսակադրության արարողություն էր։ Արարողությունը իրականացրել է Տեր Սարգիս քահանան, նրա խոսքով՝ ընտանիքն է այդպես ցանկացել։
Հովհաննավանքում գտնվող որոշ մարդիկ հայհոյանքներ են հնչել լրագրողների հասցեին, խոչընդոտել նրանց աշխատանքը։
Հիշեցնենք, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը Կարգալույծ է հռչակվել: Ըստ Մայր Աթոռի հաղորդագրության՝ տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը։
Հիշեցնենք նաև, որ Ստեփան Ասատրյանը (մինչև կարգալույծ հռչակվելը՝ Տեր Արամ քահանա) Հանրային ՀԸ եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարել էր, որ մասնակցել է ընդդիմության՝ 2021 թվականի բոլոր ցույցերին, բայց ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով։ Հայտարարության վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը հաղորդում էր ներյացրել, որի հիման վրա խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և ևս հինգ հոգևորականների տուն, ապա բերման ենթարկել վերջիններիս։