factor.am «Սրբազան պայքար» շարժման գործով մեղադրյալ Արմեն Ալեքսանյանը այսօրվա դատական նիստին պահանջեց իր պաշտպան, անազատության մեջ գտնվող Ալեքսանդր Կոչուբաևին ներկայացնել դատարան: Այսօրվա դատական նիստի ընթացքում Արմեն Ալեքսանյանը նշեց, որ ինքն իր շահերի պաշտպանությունը վստահել է Ալեքսանդր Կոչուբաևին ու նրան է պահանջում: Միաժամանակ հայտարարեց, որ հրաժարվում է հանրային պաշտպանից:
Գործով այլ մեղադրյալի շահերը պաշտպանող փաստաբան Ռուբեն Մելիքյանը դիրքորոշում հայտնեց, որ Քրեական դատավարության օրենսգրքով առկա չէ որևէ խոչընդոտ, որպեսզի կալանքի տակ գտնվող Կոչուբաևին բերեն դատարան այնպես, ինչպես այս գործով մյուս կալանավորված անձանց են բերում: Պաշտպաններից Լիպարիտ Սիմոնյանն էլ ընդգծեց, որ մեղադրյալի բացառիկ իրավունքն է իր ընտրած պաշտպանի միջոցով իրականացնելու իր պաշտպանությունը:
Հանրային մեղադրողները նշեցին, որ չեն պատկերացնում, թե ինչ ընթացակարգով պետք է պաշտպանական կողմի պահանջը կատարվի, շեշտելով, որ օբյեկտիվորեն անհնար լինի Կոչուբաևի ներկայությունն ապահովել, ապա իրենք ստիպված են լինելու միջնորդել, որպեսզի հանրային պաշտպան ներգրավվի գործին։