news.am Մի հատ կարգալույծ տերտեր կա՝ Ստյոպա անունով, պարզվում է՝ Կադիրովի մոլի երկրպագուն է։ Գնացեք, պաշտպանեք Կադիրովի մոլի երկրպագուին։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Հովհաննավանքի կարգալույծ հռչակված Տեր Արամին (Ստեփան Ասատրյան)։
«Դուք անհատապես Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կարող եք գնալ որտեղ ուզում եք, ինչ ուզում եք արեք, բայց դա երբեք եկեղեցական արարողություն չի։ Խնդրանքս ու կոչս մեր հայրենակիցներին, հավատավոր հայրենակիցներից որևէ մեկին չմոլորեցնեք, տանեք մեղք գործելու, իբր պայմանական պատարագի մասնակից»,– ասաց նա։
Գեղամ Մանուկյանը չհամաձայնեց տեսակետին, թե ՔՊ–ն իր գործողություններում հետեւողական է. «Հետևողական է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը։ Եթե հետևողական լիներ ՔՊ–ն, դահլիճում նստած ՔՊ–ի պատգամավորները, հազարավոր անդամները, ո՞նց է լինում, որ հետևողականության արդյունքում մի օրվա մեջ, երբ Նիկոլ Փաշինյանը որոշում է, որ Արարատը այլևս պետք է մոռացվի, ՔՊ բոլոր անդամները ասում են՝ այն զինանշանը, որ մենք ունենք, որ ձևակերպել էինք Արարատի կոնտուր, այլևս դա Արարատի կոնտուրը չի, դա չգիտեմ, ֆուկուսիմա լեռն է։
Անցած տարվա Մյուռոնօրհնեքի արարողությանը ես տեսել եմ այս դահլիճում նստած շատ պատգամավորների, որպես Հայ առաքելական եկեղեցու, Ամենայն Հայոց կաթողիկոսի հեզ հետևորդներ, որոնք իրոք եկել էին Մայր Աթոռ։ Հիմա շեֆը ասել է՝ Կտրիճ, բոլորը շեֆի ասածով ասում են նույնը։ Մի տարի առաջ Կտրիճ բառ ոչ մեկի բերանից պլասկագուպցիով դժվար էր հանել։
Նիկոլ Փաշինյանը մի օր կանգնում մի բան է ասում, բոլորը պարտադիր պետք է կրկնեն։ 2025-ին Նիկոլ Փաշինյանը ասել է՝ մենք Ղարաբաղից հրաժարվեցինք, որ մեր պետականությունը պաշտպանենք, բոլորը կրկնում են։ Դա հետևողականություն չի»,– ընդգծեց Գեղամ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը Կարգալույծ է հռչակվել: Ըստ Մայր Աթոռի հաղորդագրության՝ տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը։
Ստեփան Ասատրյանը (մինչեւ կարգալույծ հռչակվելը՝ Տեր Արամ), սակայն, հայտարարել է, որ կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ է մատուցելու։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքել է, որ մասնակցելու է պատարագին և վերջինիս ձեռքից հաղորդություն է ընդունելու։ Մայր աթոռից հայտարարել են, որ որևէ արարողություն կամ որևէ եկեղեցական խորհուրդ, որ կկատարի նախկին քահանան, անվավեր է։
Հիշեցնենք նաև, որ Ստեփան Ասատրյանը (մինչև կարգալույծ հռչակվելը՝ Տեր Արամ քահանա) Հանրային ՀԸ եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարել էր, որ մասնակցել է ընդդիմության՝ 2021 թվականի բոլոր ցույցերին, բայց ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով։ Հայտարարության վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը հաղորդում էր ներյացրել, որի հիման վրա խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և ևս հինգ հոգևորականների տուն, ապա բերման ենթարկել վերջիններիս։