azatutyun.am Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին առանձնապես խոշոր չափի անօրինական եկամուտների օրինականացման համար։ Դատախազությունը դատարանից պահանջել է որպես խափանման միջոց սահմանել մեկ միլիոն լարիի գրավ և պարտավորեցնել նրան հանձնել անձնագիրը։
Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարամաձեի խոսքով՝ Ղարիբաշվիլին, որը 2019–2024 թվականներին զբաղեցրել է Վրաստանի պաշտպանության նախարարի և վարչապետի պաշտոնները, գաղտնի կերպով զբաղվել է տարբեր տեսակի բիզնես գործունեությամբ, ինչը օրենքով արգելված է պաշտոնատար անձանց համար, և ստացել է առանձնապես խոշոր չափերի անօրինական եկամուտներ։
Գլխավոր դատախազությունում կայացած ճեպազրույցի ընթացքում Գվարամաձեն հայտարարել է՝ անօրինական միջոցների մեծ մասը Ղարիբաշվիլին փոխարկել է արտարժույթի՝ դրանց ծագումը թաքցնելու նպատակով։ Արդյունքում ստացված 6 միլիոն 500 հազար ԱՄՆ դոլարը հայտնաբերվել և առգրավվել է 2025 թվականի հոկտեմբերի 17-ին՝ Ղարիբաշվիլու տան խուզարկության ժամանակ։
Դատախազության տվյալներով՝ Ղարիբաշվիլիին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի երրորդ մասի գ ենթակետով՝ ապօրինի եկամուտների օրինականացման և առանձնապես խոշոր չափերով շահույթի ստացման համար։
Դատախազությունը հայտնել է, որ Ղարիբաշվիլին լիովին ընդունել է իր մեղքը։