news.am Բոլոր օրինական ճանապարհներն օգտագործվելու են առաջիկա կիրակի՝ հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում հոգևոր-աղոթական կյանքը վերականգնելու և եկեղեցում ծառայող օրինավոր քահանայի կողմից Սուրբ Պատարագ մատուցելու համար։ Այս մասին NEWS.am-ին ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Հիշեցնենք, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը Կարգալույծ է հռչակվել: Ըստ Մայր Աթոռի հաղորդագրության՝ տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը։
Ստեփան Ասատրյանը (մինչեւ կարգալույծ հռչակվելը՝ Տեր Արամ), սակայն, հայտարարել է, որ կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ է մատուցելու։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքել է, որ մասնակցելու է պատարագին և վերջինիս ձեռքից հաղորդություն է ընդունելու։ Մայր աթոռից հայտարարել են, որ որևէ արարողություն կամ որևէ եկեղեցական խորհուրդ, որ կկատարի նախկին քահանան, անվավեր է։
Հիշեցնենք նաև, որ Ստեփան Ասատրյանը (մինչև կարգալույծ հռչակվելը՝ Տեր Արամ քահանա) Հանրային ՀԸ եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարել էր, որ մասնակցել է ընդդիմության՝ 2021 թվականի բոլոր ցույցերին, բայց ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով։ Հայտարարության վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը հաղորդում էր ներյացրել, որի հիման վրա խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և ևս հինգ հոգևորականների տուն, ապա բերման ենթարկել վերջիններիս։