armenpress.am 2025 թ․ հոկտեմբերի 21–22-ին Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական համայնքների ներկայացուցիչների նախաձեռնությամբ և երկու երկրների պաշտոնական կառույցների աջակցությամբ Երևանում տեղի ունեցավ երկկողմ կլոր սեղան-քննարկում։ Նախաձեռնությունն ուղղված է խաղաղության օրակարգի առաջմղմանը՝ համաձայն 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված Համատեղ հռչակագրի և դարձավ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այս ձևաչափով առաջին հանդիպումը։
«Արմենպրես»-ը զրուցել է երևանյան հանդիպման հայ մասնակիցների հետ:
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանի խոսքով՝ միջոցառման կազմակերպման նախաձեռնությունը եղել է երկու երկրների քաղաքացիական հասարակության և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներից, որին աջակցել են Հայաստանի և Ադրբեջանի պետական կառույցները, ինչի շնորհիվ գաղափարն իրականություն է դարձել:
«Սա, ըստ էության, առաջին նմանատիպ միջոցառումն է, երբ երկու երկրների փորձագետները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն առանց միջնորդների հանդիպում են միմյանց մայրաքաղաքներից մեկում: Սա է հենց գլխավոր նորույթը: Մինչ այս տարիներ շարունակ եղել են նման հանդիպումներ երրորդ երկրներում, միջնորդների միջոցով: Սակայն այս ֆորմատով առաջին անգամ է նման հանդիպում»,- նշեց նա:
Քաղաքագետի խոսքով՝ հանդիպումը եղել է բավական արդյունավետ, քննարկվել է թեմաների լայն շրջանակ, անդրադարձ է եղել կողմերին հուզող բոլոր հարցերին:
«Կարող ենք արձանագրել, որ կար մթնոլորտի բավական լուրջ փոփոխություն և մի շարք կարևոր հարցերում տարաձայնությունների լուրջ նվազեցում»,- նշեց Քոչինյանը և ընդգծեց՝ նախաձեռնությունը լինելու է շարունակական:
Հանդիպման մասնակցել է նաև Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Ըստ նրա՝ այս նախաձեռնությունը կարող է նպաստել կարգավորման գործընթացի ընդլայնմանը, որպեսզի այն շարունակվի ոչ միայն պաշտոնական, դիվանագիտական , այլ նաև հանրային մակարդակով։
«Դրան հասնելու համար անհրաժեշտ է, որ ոչ կառավարական հատվածը Երևանում և Բաքվում որոշումներ կայացնողներին ներկայացնի խաղաղության գործընթացի վերաբերյալ իր պատկերացումները։ Իմ կարծիքով՝ հոկտեմբերի 21-22-ի հանդիպումը կատարեց հենց այս հաղորդակցման գործառույթը»,- նշեց Նավասարդյանը։
Նրա խոսքով՝ հանդիպման օրակարգը ներառել է հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցերի ամբողջ սպեկտրը, այդ թվում՝ գործընթացում նոր փորձագետների և կազմակերպությունների ներգրավումը, որոնք աշխատում են տարբեր ոլորտներում:
Քաղաքագետ Նարեկ Մինասյանն ընդհանուր առմամբ արդյունավետ է գնահատում հանդիպման ընթացքում քննարկումները:
«Անդրադարձ ենք կատարել մեծ թվով հարցերի՝ կարգավորման գործընթացին, հաղորդակցությունների ապաշրջափակմանը, արդյունավետ երկխոսության հաստատմանը և փոխվստահության ձևավորման հեռանկարներին: Հատուկ ընդգծել ենք Բաքվում պահվող մեր հայրենակիցների վերադարձի հարցը՝ շեշտելով թեմայի զգայունությունը և կարևորությունը կարգավորման գործընթացի և երկխոսության շարունակականության համատեքստում»,- նշեց նա:
Մինասյանի խոսքով՝ վերջին ամիսներին, հատկապես վաշինգտոնյան հանդիպումից հետո, Ադրբեջանում նկատելի է քաղաքական մթնոլորտի փոփոխություն, ինչը կարող է մեծացնել այդ երկրի քաղաքացիական հատվածի ներկայացուցիչների հետ երկխոսության արդյունավետությունը:
Հանդիպման մասնակիցներից քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանն առանձնացնում է ինչպես հանդիպման խորհրդանշական կարևորությունը, քանի որ սա նման ձևաչափով առաջին հանդիպումն էր, այնպես էլ համատեքստը, մասնավորապես՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային տարանցման բացման մասին հայտարարությունը:
«Հանդիպումն ինքնին կարելի է բնութագրել որպես քննարկում այն մասին, թե ապագայում ինչ ուղղություններով կարող են գործակցել երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ինչ ձևաչափերով կարող են աշխատել և ինչպես կարող են այդ շփումները ազդել կամ նպաստել տասնամյակների հակամարտության ընթացքում կուտակված հարցերի կարգավորմանը և քաղաքական որոշումների ընդունմանը: Քաղաքացիական հասարակության առավելություններից են ավելի բաց քննարկումները և մի շարք թեմաների ու հարցերի անդրադառնալու հնարավորությունը, որոնք տարբեր պատճառներով չեն քննարկվում պաշտոնական շփումներում»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը պատրաստ են արագացնել փոխգործակցության տեմպը:
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանի կարծիքով՝ Երևանում տեղի ունեցած հանդիպումը հնարավոր է դարձել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների միջև տարիներ շարունակ ընթացող երկխոսության արդյունքում:
«Մենք շնորհակալ ենք մեր գործընկերներին, որոնց աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների միջև միջնորդավորված շփումները եղել են շարունակական: Առանց այդ աջակցության դժվար կլիներ պատկերացնել ուղիղ երկխոսության հավանականությունն ու հնարավորությունը»,- նշեց Սուլթանյանը:
Նրա խոսքով՝ ուղիղ երկխոսությունը ենթադրում է ավելի բարձր պատասխանատվություն և հաշվետվողականություն երկու հասարակությունների առաջ՝ մարդկանց իսկապես հուզող խնդիրները հասցեագրելու և դրանց շուրջ կենսունակ, իրատեսական լուծումներ գտնելու համար։