44-օրյա պատերազմից 5 տարի անց արդեն 3-րդ անգամ դատարանում սկզբից է սկսվում Իշխանաձորի խաչմերուկում հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից 18 զինծառայողի զոհվելու գործով ապացույցների հետազոտումը։ Գործը քննող նոր դատավոր Լեւոն Պետրոսյանի նախագահությամբ այսօր ավարտվեցին նախնական դատալսումներն, ու սկսվեցին հիմնական դատալսումները։
Հիշեցնենք՝ գործով մեղադրյալի աթոռին է 2020 թ․-ին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը։ Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը այսօր հերթական անգամ հրապարակեց նրա վերաբերյալ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։
Վերանյանը դարձյալ հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում։
Ըստ մեղադրանքի՝ Վերանյանի հրամանի հետեւանքով զոհվել է 18, վիրավորվել՝ 3 անձ
Համաձայն մեղադրական եզրակացության՝ 2020 հոկտեմբերի 9-ին վերադաս Վերանյանը ստացել է զորամասի ողջ, այդ թվում՝ ինժեներասակրավորական վաշտի (այսուհետ՝ ԻՍՎ) անձնակազմին ժամանակավոր տեղակայման վայրից՝ Արցախի Արծվաշեն գյուղից Ջաբրայիլի տարածք տեղափոխելու հրաման, նույն հրամանի համաձայն՝ պատասխանատու եղել ենթակարգից որեւէ մեկի դուրս չմնալու եւ հետ չընկնելու համար։ Իշխանաձոր գյուղի տարածքում, նկատելով, որ ԻՍՎ-ի անձնակազմին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված ու պատսպարված դրա շրջակայքում, Վերանյանն իր մոտ է հրավիրել ԻՍՎ-ի հրամանատար, կապիտան Տարոն Նիկողոսյանին եւ հարցրել, թե ինչու անձնակազմը չի տեղաշարժվում։ Վերջինս պատասխանել է՝ պատճառն այն է, որ օդում լսվում է ԱԹՍ-ի ձայն։
Ըստ մեղադրանքի՝ Վերանյանը, անձամբ լսելով ԱԹՍ-ի ձայնը, տրված հրամանը ժամանակին կատարելու, ինչպես նաեւ ոչ մեկին ենթակարգից դուրս չթողնելու, իր առջեւ դրված խնդիրը կատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, Տարոն Նիկողոսյանին հրամայել է ԱԹՍ-ից պատսպարված անձնակազմին ամեն դեպքում նստեցնել մեքենա եւ շարունակել երթը։ Վաշտի հրամանատարը կատարել է հրամանը։
10-15 րոպե անց ԱԹՍ-ն հարվածել է մեքենային, ինչի հետեւանքով բռնկված հրդեհից դրանում գտնվող 18 զինծառայողները զոհվել են։ Զինծառայողներից 1-ը՝ Արմեն Հակոբյանը, ստացել է մարմնական վնասվածքներ։ Վիրավորվել են նաեւ «Ուրալ»-ի առջեւից երթեւեկող մեքենայում գտնվող ԻՍՎ ծառայության պետ, մայոր Խորեն Մելիքյանը եւ զոհված զինծառայողներից մեկի հայրը՝ Հարություն Օհանյանը։
Վերջինս այսօր հարցաքննվեց որպես վկա՝ պատմելով, թե ինչ հանգամանքներում է միացել իր որդու զորքին, եւ ինչպես է դեպքը տեղի ունեցել։
Օհանյանի խոսքով՝ դեպքից հետո զոհերի մահվան օրերը դիտավորյալ են տարբեր նշել

«Ես հասել եմ Ջրականի զորամաս, որն արդեն բամբիտ եղած էր․ որ առաջանում էի, սարերի վրայից գոռում էին՝ մեր ձեռը չի, ո՞ւր ես գնում, բայց ես գիտեի, որ էրեխեքին տարել են էնտեղ։ Գնացել եմ սարերի միջով, ճանապարհին նույնիսկ մի տղա գոռաց, կանգնել եմ, իրեն վերցրել եմ, վիրավոր էր, իր հետ, մեր էրեխեքին ման գալով, եկել, Հորադիզում գտել ենք»։
Մեղադրողը հետաքրքրվեց՝ ո՞ւմ է ներկայացել, ո՞վ է իրեն թույլատրել միանալ զորքին․ «Գնացել եմ շտաբ, որտեղ հրամանատարությունը տեղակայված էր, ասել եմ՝ էսինչ մարդն եմ, իմ հետ էլ լիքը սնունդ կար, թողել եմ էդտեղի էրեխեքին։ Ճշտեցին՝ ով եմ, ինչ եմ, 10 հրամանատար կար, ոչ ոք չի առարկել, նույնիսկ ասում էին՝ ցավդ տանեմ»,- պատասխանեց Օհանյանը՝ հայտնելով, որ դրանից հետո իր մեքենայով վառելիք, սնունդ է մատակարարել, սպաներին ըստ անհրաժեշտության ժողովների տարել։
Հոկտեմբերի 4-ին կամ 5-ին հրաման են ստացել Ջրական մեկնելու․ այդ ժամանակ է Օհանյանը առաջին օդային հարձակման վտանգը զգացել․ «Հասանք Ջրականի զորամասից մի 2-3 կմ էս կողմ, մեծ ծառ կար, մի գեներալ էր նստած ու 200 հոգի զորք, էրեխեքին կանգնացրել ենք, ես ու Խորենը (նկատի ունի ԻՍՎ ծառայության պետ Խորեն Մելիքյանին,-հեղ․) մոտեցել ենք՝ տեսնենք ինչ են խոսում, երբ ենք գնում, որովհետեւ իրենց զորամասից մարդ չկար, բարդակ էր․․․ Խոսում էինք, որ հասկանանք՝ երբ է բոյը սկսում, էդ պահին զգացի, որ էս գեներալը, բոլորին թողնելով, նստեց ավտոմեքենան ու գնաց։ Նայեցինք դեսուդեն ու զգացինք՝ վերեւից տժժոց է գալիս։ Բոլորը սկսեցին փախչել, մենք էլ վազեցինք մեր էրեխեքի մոտ, նստեցինք ավտոմեքենան, մոտ 150 մ եկանք, մի բլուր կար, էդտեղ պատսպարվեցինք։ Ու էնտեղ, որտեղ հավաքված էինք, սկսեց բամբիտ լինել․․․ Փորձում են կապի դուրս գալ հրամանատարների հետ, չեն կարողանում, անտերուդուս վիճակ էր, գիշեր էր, մութ, ես իմ ավոտոյով ընկել եմ առաջ, եկել, հասել ենք Հորադիզ»,- պատմեց Օհանյանը՝ հավելելով, որ ինքն այդ ժամանակ լավ չի պատկերացնել՝ օդում ինչ է, բայց տեսնելով, որ գեներալը թաքնվել է, նույնն էլ իրենց զինվորների հետ են արել։
Դեպքի նախորդ օրը ժողով է եղել, որին ինքը իր մեքենայով տարել է ԻՍՎ հրամանատար Տարոն Նիկողոսյանին․ «Այդ գիշեր նույնիսկ էրեխեքին թրաշվել տվեցին, ասեցին՝ կորպուսի հրամանատարն է գալու, կարողա զորքին շարի, նայի, ես էլ ասում էի՝ պատերազմին էրեխա՞ եք թրաշվել տալիս․․․ Մի խոսքով, ասացին՝ առավոտյան գնում ենք պատերազմ։ Պիտի գնայինք, գտնեինք Մելոյի գոմերը․․․ Առավոտյան տեսա, որ հետախույզների վաշտը մեր կողմն է, խնդրեցի հետները գնանք, քանի որ մեզ մոտ ոչ ոք չգիտեր ճանապարհը, մենակ ասում էին՝ գնացեք, անցած անգամ՝ ամսի 5-ին, գնալ-գալիս մոլորվել էինք։ Բայց ասացին՝ ամեն մեկն իր ժամին է գնում․․․ Հիշում եմ՝ Խորենն ասեց՝ եկեք մի հատ հաց ժարիտ անեմ, նույնիսկ նկարել եմ դա, կալբաս ժարիտ արեց, իրար հետ նստեցինք, կերանք ու շարժվեցինք։ Կեսօր էր»,- վերհիշեց Հարություն Օհանյանը։
Նա պատմեց, որ ճանապարհին իր մեքենայում եղել է Խորեն Մելիքյանի հետ։ Ոստիկանական հենակետի մոտ սպասել են, որ «Ուրալը» լիցքավորվի, գա, հետաքրքրվել՝ ոնց գնալ հիշյալ Մելոյի գոմերի մոտ․
««Ուրալի» մռութը հենց երեւաց, ԱԹՍ-ի ձայնն էլ սկսեց, մենք, ոստիկանության տղերքի հետ վազելով, կանգնացրել ենք ավտոմեքենան, էրեխեքը իջել ու պատսպարվել են, բոլոր մարդիկ։ ԱԹՍ-ն պտտվում էր, գնում-գալիս էր, մի 5 րոպե երեւի էդ վիճակն էր։ Մեկ էլ Վերանյանի պիկապը եկավ, կանգնեց։ Դուռը բացեց, ոտքը դրեց՝ բա խի՞ եք կանգնել, Տարոնն ասեց՝ ԱԹՍ է վերեւում, Վերանյանն ասեց՝ կապ չունի, դա մեր գործը չի, շարժվեք։ Էդ էրեխեքն էլ ավտոմատ եկան ավտոն։ Ես համ մոտենում եմ, համ գոռում՝ վերեւը ԱԹՍ է, ո՞նց ես հրաման տալիս, ասեց՝ չես ուզում, մի գնա հետները, ու դուռը փակեց։ Էրեխեքը լցվում են ավտոն, իմ տղեն եկավ, իմ ավտոյի դիմացով անցավ, ասեցի՝ Արմանչո, արի կողքս, ասեց՝ պապ, տղերքով իրար հետ ենք, ասեցի՝ ինչքան տեղ կա, եկեք, բա չէ, մենք սաղով իրար հետ ենք։ Հելանք սարը, ուղղվեցինք ու․․․ Էդ տեւել է մի 5-7 րոպե»։
Մեղադրողը խնդրեց մանրամասնել, թե ինչ տեղի ունեցավ հարվածից հետո․ «Ես «Ուրալի» հետեւից եմ շարժվել, հարվածի պահին եկել անցնել եմ, հարվածել է, էդ ձենն եկել է, կանգնեցրել եմ, Խորենն իրեն ավտոյի միջից խցել է, վիրավորված էր, իմ դուռը սաղ սետկա էր, բայց ես չէի վիրավորվել։ Հարվածից հետո վավզելով եկա, թռա կաբինկի վրայով, չկարողացա, շիթից բռնեցի, թռա վրան, վառվեցի, վերեւից ընկա, չգիտեմ՝ ինչ եղավ, 2 վայրկյան հետո նորից հելա, ուզում էի հետեւից մտնեի, տեսա՝ տակը Արմենն է վառվում։ Արմենին քաշել եմ հետ, նորից ուզում էի մտնել մեջը, տեսա՝ մյուս կողմից մի ջիպ է վերցնում Խորենին ու գնում, գոռացել եմ, որ Արմենին էլ տանեն հետները։ Ֆիդային տղերք եկան, ինձ ավտոյի մոտից քաշում էին հետ, պաժառնին էլ եկավ, բայց վախում էին, դե, հասկանալի է՝ փամփուշտները «Ուրալի» մեջ տրաքում էին, ես շլանգը բռնել եմ, հետեւից բռնած հանգցրել ենք»։
Օհանյանը նշեց, որ Վերանյանը եկել է բավականին հետո, կանգնել հեռվում․ «Տեսա, քար վերցրի ու գոռացի՝ բռնեք սրան, սրա պատճառով է, նա էլ նստեց մեքենան, փախավ․․․ Դեպքից հետո, որ գիտեի՝ ախպերս մի քանի սար էն կողմ է, կապվել եմ, ասել եմ՝ խփել են մեզ, էսինչ տեղն ենք, ու ինձ ուզում էին սրսկել, չէի թողնում, ախպերս եկավ, հասավ, ու էլ բան չեմ հիշում»։
Որդեկորույս հայրը դատարանին նաեւ տեղեկացրեց, որ դեպքից հետո զինծառայողների մահվան օրերը տարբեր են գրել։ Իրենց կարծիքով՝ նպատակը կատարվածը քողարկելն է եղել․ «Իմ որդունը ամսի 9 է գրած, Հակոբի տղունը՝ 14, մեկ ուրիշինը՝ 18, բայց էդ բոլոր տղաները զոհվել են ամսի 9-ին՝ իմ աչքի առաջ։ Դրանից բացի, դա էլ ասեմ, թող դատարանն իմանա, Գլխավոր շտաբից մեր տուն մարդ է եկել, պետի անունից խնդրել՝ բանակի պատիվն է, մի բողոքեք»։
Նա նաեւ հայտնեց, որ իրենց ենթադրությամբ՝ վկաների վրա ազդեցություն է եղել։ Օրինակ՝ Խորեն Մելիքյանը ի սկզբանե ճիշտ ցուցմունք է տվել, հետո եկել, դատարանում ցուցմունքը փոխել, հետո զանգել իրեն, ասել՝ ամբողջ գիշեր չքնեցի, էրեխեքն էին աչքիս առաջ գալիս, ու գնացել, հաջորդ օրը նորից ճիշտ ցուցմունք է տվել։
Ծնողի կարծիքով՝ եթե Վերանյանի հրամանը չլիներ, մնալու էին պատսպարված, մինչ ԱԹՍ-ն կորչեր
Հարություն Օհանյանը վստահ պնդեց, որ ԱԹՍ-ն ե՛ւ տեսանելի էր, ե՛ւ լսելի․ անընդհատ պտտվում էր, հեռավորությունից կախված՝ ձայնը ուժեղանում, թուլանում․ «Մարդ չկար, որին տեսանելի չլիներ։ Ինքը (նկատի ունի Վերանյանին,- հեղ․) պիտի կամ լսելու ունակություն չունենար, կամ տեսնելու, բայց դատական նիստում հասկանում եմ՝ տեսնում էլ է, լսում էլ է․․․
– Այսինքն՝ այդ աստիճան բարձր է եղել [ձայնը],- ճշգրտեց մեղադրողը։
– Այո, այդ ձայնը մինչեւ հիմա իմ ականջներում է․․․ Ու չի կարող պատերազմի դաշտում այդ ձայնը լսած մարդը դա մոռանա․․․ Ցանկացած զինվորի հարցրեք, բայց հրամանատարները կարան չլսեն, չտեսնեն․․․ Ոստիկանները ու ինչքան մարդ կար էդտեղ, բոլորն ասացին՝ տղերք, օդը-օդը, ու խառնվեցին իրար, միլիցեքն էլ են կանգնեցրել մեքենան, սաղ՝ կանգնեք-կանգնեք, ու թաքնվել ենք։

– Ո՞նց կբացատրեք սա,- դիմելով ծնողին՝ հարցրեց պաշտպանը։
– Դեկտեմբեր, հունվար, մարտ, ապրիլ ամիսներին ես հիվանդանոցներով բուժվելիս եմ եղել, էդ դիմումն էլ էդքան ուշ եմ գրել, որովհետեւ ի վիճակի չեմ եղել։ Չեն հարցրել, չեմ ասել։ Հիմա պնդում եմ։
– Նախաքննական ցուցմունքներում Ձեր եւ Վերանյանի երկխոսության մասին էլ ոչինչ չեք ասել։
– Երրորդ դատարանն է, որ այդ խոսակցության մասին ես ասում եմ եւ պնդում եմ,- պատասխանեց վկան։
Հարցաքննության ընթացքում քննարկման առարկա դարձավ նաեւ դեպքի վայրում զինամթերքի պահեստ լինել-չլինելու հարցը։ Հարություն Օհանյանը պնդեց՝ պահեստ այդտեղ չի եղել, արկղեր գուցե կային, բայց դրանք դատարկ էին։ Պաշտպանի հարցին՝ անձամբ բացել, նայե՞լ է, վկան բացասական պատասխանեց։ Նշենք՝ այս հանգամանքը պարզելը կարեւոր է, քանի որ զինամթերքի առկայությունն ինքնին կարող էր վտանգ ներկայացնել ԱԹՍ-ի պայմաններում այդտեղ երկար մնալու համար։
– Եթե Անդրանիկ Վերանյանը չգար եւ այդ հրամանը չտար, ի՞նչ էիք անելու,- հարցրեց պաշտպանը։
– Մենք սպասելու էինք, մինչեւ ԱԹՍ-ի ձայնը գնար, ԱԹՍ-ն կորեր, տեսնեինք՝ ամեն ինչ նորմալ է, նոր շարժվեինք, ոնց որ ամսի 5-ին արեցինք։
– ԻՍՎ սպայական կազմը հասցրե՞լ է այդ քննարկումն ունենալ։
– Չէ, մենք սաղս պատսպարված ենք եղել։
– Այսինքն՝ դա Ձեր ենթադրությունն է։
– Եթե ուզենայինք էլ, ոստիկանները թույլ չէին տալու շարժվեինք, ուղղակի որ Վերանյանը եկավ, տենց բարձր-բարձր ձայնով․․․ Էրեխեքը, նրան ճանաչելով, միանգամից նստեցին, ես էլ եմ չհասկանալով նստել մեքենաս ու հետեւներից շարժվել,- պատասխանեց Օհանյանը։
Այսօրվա նիստում նախագահող դատավոր Լեւոն Պետրոսյանը տեղեկացրեց, որ նախորդիվ նշանակված փորձաքննությունն անկատար թողնելու որոշում է կայացրել՝ հաշվի առնելով, որ դատաքննությունը սկսում են սկզբից, եւ փորձաքննության հիմքում դրվել են ելակետային տվյալներ, որոնք իրենք դեռեւս չեն հետազոտել։ Հիշեցնենք՝ գործը նախկինում քննող դատավոր Սուրեն Խաչատրյանի որոշմամբ հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն էր նշանակվել, ԳՇ կազմից փորձագետների հանձնաժողով էր ձեւավորվել։ Մինչ այս՝ առաջին դատական նիստին, Պետրոսյանը նշել էր, որ փորձաքննության կատարումը գործի քննությունը նորից սկսելուն խոչընդոտ չէ։
