Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջերում տեսանյութ է տարածել, որում նշում է՝ «այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը»։
«Պրոբլեմն այն է, որ Կտրիճ Ներսիսյանը, իր արդեն հայտնի խմբակի հետ, պղծության շղթաների մեջ է կալանել մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Նրանք ամենևին մեր Տեր և Ուսուցիչ Հիսուս Քրիստոսի ուսմունքը և վարդապետությունը չեն տարածում, այլ տարածում են պղծություն, կոռուպցիա և քրեական ենթամշակույթ», – նշել է Փաշինյանը, ավելացնելով՝ յուրաքանչյուրը պետք է կատարի իր ընտրությունը, այդ թվում հոգևորականները։
Օհանավան գյուղում վաղ առավոտից մեծաթիվ ոստիկանական ուժեր են, այդ թվում՝ ոստիկանության բարձրաստիճան ծառայողներ։
Նշենք, որ այսօր Հովհաննավանքում Ստեփան Ասատրյանը (մինչեւ կարգալույծ հռչակվելը՝ Տեր Արամ) պատրաստվում է պատարագ մատուցել։ Նիկոլ Փաշինայնը հայտարարել է, որ մասնակցելու է պատարագին և վերջինիս ձեռքից հաղորդություն է ընդունելու։ Միաժամանակ Մայր Աթոռը պահանջում է, որպեսզի կարգալույծ քահանան հեռանա Հովհաննավանքից, որը մերժում է Ստեփան Ասատրյանը՝ ունենալով վարչապետ Փաշինյանի աջակցությունը։