Կարգալույծ քահանան Փաշինյանին շնորհակալություն հայտնեց երկու հազար տարի անց Հերովդեսի նման չվարվելու համար

Հովհաննավանքում շարունակվում է Ստեփան Ասատրյանի (մինչ կարգալույծ հռչակվելը՝ Տեր Արամ) կողմից պատարագի մատուցումը։ Պատարագին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաններ, համայնքների ղեկավարներ, պատգամավորներ։

Պատարագի ընթացքում կարգալույծ քահանան վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհակալություն հայտնեց՝ երկու հազար տարի անց Հերովդեսի նման չվարվելու համար։

«Հերովդեսի կողմից ճշմարտությունը գլխատվելուց անցել է երկու հազար տարի։ Ահա այս օրերին մեր իրականության մեջ տեսնում ենք, որ դարձյալ ծնվում են էնպիսի մարդիկ, ովքեր փորձում են Աստծո խոսքը տարածել, բայց այսօր ևս աշխարհում կան փարիսեցիներ, սադուկեցիներ, և այս փարիսեցիները դարձայալ փորձ են անում գլխատելու սրբությունը, բայց ես իմ անկեղծ շնորհակալությունն եմ ուզում հայտնել մեր վարչապետին, որ երկու հազար տարի անց Հերովդեսի նման չի գործում, այլ գործում է ճիշտ հակառակը։ Մեծարգո պարոն վարչապետ ահա այս օրերին մենք տեսնում ենք, որ եկեղեցին ․․․․ »,- Ասատրյանի խոսքը ընդհանտվում է եկեղեցում հնչող ծափահարություններով, որից հետո Ասատրյանն ասաց՝ հարցը այստեղ ինքը չէ, իր անձն ու կերպարը չէ․ «Մեկ բան կա․ իմ շուրթերով ես չեմ խոսում, Աստված խոսում է մեր բերանով, երբ որ այդ բերանը փակում են՝ լռեցնում են նաև Աստծո խոսքը, իսկ Աստված խոսում է մի պայմանով, որովհետև սիրում է իր ժողովրդին»։

Մինչ այս Ստեփան Ասատրյանը պատարագի ընթացքում իր քարոզի ժամանակ ընթերցում էր Ավետարանից Մարկոս 11։27- 33 հատվածը։ Համեմատելով Սուրբգրային հատվածը ներկա ժամանակների հետ՝ ասաց․

«Մեր կյանքում ևս տեսնում ենք, որ այն մարդիկ, որոնք որոշակի հաջողությունների են հասնում, որոշակի շնորհներ ունեն Աստծուց այդ մարդկանց նկատմամբ նաև նախանձ կա, և դրանից ելնելով շատ-շատերը մեր նկատմամբ, շնորհների նկատմամբ հակառակություններ կարող են անել։ Ահա, սա նրա մասին է, որ Ավետարանը կասի՝ «ամեն մեղք կներվի բացի Սուրբ Հոգու դեմ հայհոյությունից»»։

Ստեփան Ասատրյանը նշեց՝ սա նշանակում՝ բոլոր այն շնորհներն ու օրհնությունները, որ Սուրբ Հոգին տվել է մարդուն, չարի կողմից և չարը իրենց մեջ ունեցող մարդկանց կողմից կարող է չգնահատվել, իսկ դրանք չգնահատելը կնշանակի արհամարհել Սուրբ Հոգուն, ինչը դատապարտություն է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ