Վրաստանն ու Ադրբեջանը հրաժարվել են մասնակցել Երևանում կայանալիք «Եվրանեսթի» ԽՎ-ին

civilnet.am Վրաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի (ԵԽՎ) 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 28-30-ը:

Այս մասին «Եվրանեսթի» ղեկավարությանն ուղղված բաց նամակում հայտնել է Խորհրդարանական վեհաժողովում վրացական պատվիրակության ղեկավար Լևան Մախաշվիլին։

Մախաշվիլին նշել է, որ կազմակերպության վերջին գործողությունները լուրջ անհանգստություն են առաջացրել։

Մախաշվիլին հայտարարել է, որ Եվրոպական խորհրդարանի որոշ անդամների՝ Վրաստանի նկատմամբ թշնամական հռետորաբանությունն ու գործողությունները, որոնք մասնակցում են «Եվրանեսթ» ԽՎ-ի աշխատանքներին, հակասում են այն գործընկերության և փոխադարձ հարգանքի սկզբունքներին, որոնց վրա պետք է հիմնված լինի այս հարթակը։

«Այն փաստը, որ գործընկեր երկրների մեծ մասը չի մասնակցում «Եվրանեսթ» ԽՎ-ի աշխատանքներին, վկայում է, որ Եվրոպական խորհրդարանի ներկայիս մոտեցման հետ կապված կա լուրջ խնդիր։ ԽՎ-ն պետք է մտածի՝ արդյոք իր ներկայիս կուրսը նպատակաուղղված է տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը, թե՝ գործընկերների միջև կամուրջների այրմանը», – նշված է նամակում։

Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատվիրակությունը ևս հայտարարել է, որ չի գա Երևան ու չի մասնակցի «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանին:

Պատվիրակության ղեկավար Թաիր Միրկիշիլին APA գործակալությանը հայտնել է, որ Եվրախորհրդարանի հայտարարությունները, հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

Հայաստանի Ազգային ժողովում հոկտեմբերի 28-30-ը տեղի կունենան Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար նստաշրջանը, բյուրոյի և հանձնաժողովների նիստերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ