ԱԳ նախարարը գերիների հարցի չլուծված լինելը կապում է Ադրբեջանի հետ երկարամյա թշնամանքի պատմության հետ | armenpress.am

armenpress.am  Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ կատարված աշխատանքին՝ մի շարք հումանիտար խնդիրներ շարունակում են չլուծված մնալ։

Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Երբ խոսում ենք խաղաղության ինստիտուցիոնալացման և բարիդրացիական հարաբերությունների հաստատման մասին, պետք է նշենք, որ կան հարցեր, որոնք այս պահի դրությամբ լուծված չեն կամ դժվարությամբ են լուծվում։ Եվ այստեղ մենք անպայմանորեն պետք է նշենք Բաքվում պահվող պատանդառված անձանց, գերիների ազատ արձակման հարցը»,-ասաց Միրզոյանը։

Նախարարն ընդգծեց, որ գերիների խնդիրը, ինչպես նաև անհետ կորած համարվող անձանց ճակատագրի պարզաբանումը մնում են առաջնային ուղղություններ՝ որպես բարդ, բայց լուծելի խնդիրներ։

«Եթե հարցնեք իմ մասնավոր դիրքորոշումը, դա մեծ խոչընդոտ է, որի բարդությունը նաև կոնֆլիկտի բնական օբյեկտիվ հետքն է։ Դրա հարթման ուղղությամբ դեռ պետք է գործադրվեն ջանքեր»,-ասաց Միրզոյանը։

Նա հավելեց, որ խնդիրը կապված է նաև երկու հասարակությունների միջև ձևավորված անվստահության և երկարամյա թշնամանքի պատմության հետ։

«Դա երկու հասարակությունների միջև միմյանց նկատմամբ գոյություն ունեցող անվստահության դրսևորումն է՝ հաշվի առնելով նաև թշնամանքի և արյան պատմությունը, որը կա երկու երկրների միջև»,- ասաց Միրզոյանը։

Արտաքին գործերի նախարարը վստահեցրեց, որ Հայաստանը հետևողական է լինելու բոլոր հումանիտար հարցերի լուծման և խաղաղ, համագործակցային միջավայրի ձևավորման հարցում։

«Հավատալով Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղ և համագործակցային մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությանը՝ քայլ առ քայլ հետամուտ ենք լինելու բոլոր հարցերի լուծմանը»,- եզրափակեց Միրզոյանը։

Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայից հետո ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվում է առանձին։

Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է իր մոտ 23 հայ գերու առկայությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Add Your Heading Text Here