armenpress.am Հայաստան ու ԱՄՆ-ն ինտենսիվ շփման մեջ են «Թրամփի ուղու» կենսագործման համար անհրաժեշտ ընկերության հիմնադրման տեխնիկական մանրամասները հստակեցնելու ուղղությամբ:
Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման շրջանակում իր զեկույցում:
«Օգոստոսի 8-ից գրեթե անմիջապես հետո մեկնարկել են և հիմա էլ շատ ինտենսիվ ընթացքի մեջ են Հայաստանի և Միացյալ Նահանգների շփումները, բանակցությունները՝ «Թրամփի ուղու» կենսագործման համար անհրաժեշտ ընկերության հիմնադրման տեխնիկական մանրամասների ուղղությամբ: Հետո արդեն գետնի վրա զանազան տեխնիկական լուծումների հարց կառաջանա»,-ասաց Միրզոյանը:
Նա վերահաստատեց՝ ինչպիսին էլ լինեն այդ տեխնիկական լուծումները, ամբողջը լինելու է համաձայնեցված և ստորագրված սկզբունքների ներքո՝ ՀՀ իրավազորության շրջանակներում:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակագիր էին ստորագրել, որի կետերից մեկով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (կամ TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ TRIPP-ը Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության բաղադրիչներից մեկն է։