Աննա Վարդապետյանը ընտրվելիս խոստացել է՝ հոկտեմբերի 27-ի բացահայտումը պետք է լինի բոլորիս պատվի հարցը. Անդրանիկ Քոչարյան | news.am

news.am «Մենք մշտապես կարծել ենք, որ հոկտեմբերի 27-ը պետք է մեկ օր առաջ բացահայտվի։ Ուզում եմ հիշեցնել Հրանտ Մաթևոսյանի խոսքերը. «Հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտվեր հոկտեմբերի 28-ին»։ Կարծում եմ, որ դեռ հնարավորություն կա հասնելու լիարժեք բացահայտման»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ կան գործով կարևոր վկաներ, որոնք երկրում չեն գտնվում և չեն հարցաքննվել, որոնց հարցաքննությունը սակայն, իր կարծիքով, կարող է որոշիչ լինել գործի բացահայտման համար։

«Հոկտեմբերի 27-ի բացահայտման ուղղությամբ մենք հսկայական անելիք ունենք։ Գլխավոր դատախազը (Աննա Վարդապետյան- խմբ․) ընտրվելու ժամանակ խոստացել էր, որ հոկտեմբերի 27-ի բացահայտումը պետք է լինի մեր բոլորիս պատվի հարցը։ Իրավապահ մարմինները պետք է նման բարդ գործերը բացահայտեն, որպեսզի կարողանան կանխել հնարավոր զարգացումներն ապագայում»,- հավելեց Քոչարյանը։

Նշենք, որ այսօր 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 26-րդ տարելիցն է:

26 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության արդյունքում զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը եւ օպերատիվ հարցերով նախարար (փաստացի իրականացրել է փոխվարչապետի գործառույթներ) Լեոնարդ Պետրոսյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ