azatutyun.am 2024 թվականի հոկտեմբերի 27-ից հետո քրեական վարույթով, ի թիվս այլնի, կատարվել են ապացուցողական և վարութային բազմաթիվ գործողություններ, մասնավորապես՝ հարցաքննություններ, ուղարկվել են տեղեկատվության պահանջի մասին դիմումներ, տրվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ, առգրավվել են հույժ գաղտնի փաստաթղթեր: Այս մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնեցին Գլխավոր դատախազությունից՝ հավելելով, որ նախաքննությունն ընթացքի մեջ է:
Անցած տարվա հոկտեմբերի 27-ին Դատախազությունը հայտարարել էր, որ 2019-ի դեկտեմբերի 27-ին վերսկսվել է «Հոկտեմբերի 27»-ի գործից 2004-ի թվականի հուլիսի 11-ին անջատված և նույն տարվա նոյեմբերի 11-ին կարճված քրեական գործը: «Վերսկսման համար հիմք է հանդիսացել տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանի և նրա ներկայացուցչի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված բողոքը, որով վերջիններս խնդրել էին վերացնել ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետի տեղակալի՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին 2004 թվականի նոյեմբերի 11-ին որոշումը», – ասված էր հաղորդագրությունում:
Դատախազությունը մանրամասնել էր կատարված և շարունակվող գործողությունները, հայտնելով, որ «գլխավոր դատախազի՝ 2024 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին», և որ «նախաքննությունն ընթացքի մեջ է»։
1999 թվականին Նաիրի Հունանյանի հանցախումբը, ներխուժելով Ազգային ժողով, սպանեց խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին և նախարար Լեոնարդ Պետրոսյանին, ևս 8 հոգի վիրավորվեց։
2003-ի դեկտեմբերին դատարանը Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին դատապարտեց ցմահ ազատազրկման, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:
Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ։
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նախորդ տարվա ամռանը մահացավ գործով ցմահ դատապարտյալ Աշոտ Կնյազյանը։