2020 թ․ հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի խաչմերուկում հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից 18 զինծառայողի զոհվելու գործող տուժող Խորեն Մելիքյանը դատարանում հայտարարեց՝ նախաքննության ժամանակ մեկ անգամ իրականությանը չհամապատասխանող ցուցմունք է տվել, բայց խղճից դրդված՝ հաջորդ օրը գնացել եւ ճշմարտությունն է պատմել։
Խոսքը վերաբերում է այն դրվագին՝ արդյո՞ք պատսպարված 18 զինծառայողին մեքենաները նստելու եւ երթը շարունակելու հրաման տալու պահին ԱԹՍ-ի ձայնը լսելի է եղել թե ոչ։ Նախաքննության ժամանակ՝ առաջին անգամ հարցաքննվելիս, տուժողն ասել է, թե չի հիշում, սակայն իր հետագա ցուցմունքներում, ինչպես նաեւ երեկ դատարանում պնդեց՝ ԱԹՍ-ի ձայնը ե՛ւ լսելի էր, ե՛ւ տեսանելի։
Հիշեցնենք՝ այդ զինծառայողների հրամանատար, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը այժմ մեղադրյալի աթոռին է հենց այդ հրամանի համար։ Ըստ մեղադրական եզրակացության՝ նա, անձամբ լսելով ԱԹՍ-ի ձայնը, տրված հրամանը ժամանակին կատարելու, ինչպես նաեւ ոչ մեկին ենթակարգից դուրս չթողնելու, իր առջեւ դրված խնդիրը կատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, հրամայել է ԱԹՍ-ից պատսպարված անձնակազմին ամեն դեպքում նստեցնել մեքենան եւ շարունակել երթը։ Րոպեներ անց հակառակորդի ԱԹՍ-ն խոցել է զինծառայողների «Ուրալը»։
Դրանում գտնվող 18 զինծառայողները զոհվել են, ողջ է մնացել միայն մեկը՝ Արմեն Հակոբյանը, որը եւս ներկայացել էր դատարան՝ կատարվածի վերաբերյալ ցուցմունք տալու։
Ըստ տուժողի՝ նախապես հրահանգավորվել են ԱԹՍ-ի դեպքում կանգնեցնել երթն ու պատսպարվել
2020 թ․ հոկտեմբերի 9-ի դրությամբ՝ մայոր Խորեն Մելիքյանը եղել է Ագարակի զորամասի ինժեներական ծառայության պետը։ Հոկտեմբերի 2-ին զորամասի կազմի հետ Մեղրիից տեղափոխվել է Արցախ։
Ըստ Մելիքյանի՝ զորամասի հրամանատարական կազմը նախապես հրահանգավորել է առ այն, որ ԱԹՍ նկատելիս անձնակազմը իջնի եւ ցրվի՝ պատսպարվելով հնարավորինս հեռու մեքենայից եւ իրարից։
– Երթի ժամանակ նույնպե՞ս,- հետաքրքրվեց հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը։
– Այո,- պատասխանեց տուժողը։
– Իսկ ԱԹՍ-ի վրա կրակելու հրահանգավորում եղե՞լ է։
– Եղել է, որ մեջքով պառկում ենք եւ փորձում խոցել ԱԹՍ-ն։
– Ձեր ինեժենասակրավորական վաշտը մասնակցե՞լ է այդ հրահանգավորմանը։
– Այո։
– Զոհված անձնակազմը դրան ներկա եղե՞լ է։
– Այո։
– Մինչեւ հոկտեմբերի 9-ի օդային հարձակումը ԱԹՍ տեսնելու կամ պատսպարվելու դեպք եղե՞լ է։
– Այո, մեզ զգուշացվել է, որ ԱԹՍ կա, ու մենք մեքենայի շարժը կանգնեցրել ենք, պիտի շարժ կատարեինք, բայց չենք կատարել։
Տուժողը ԱԹՍ-ն ե՛ւ տեսել է, ե՛ւ լսել դրա ձայնը
Խոսելով կոնկրետ հոկտեմբերի 9-ի իրադարձությունների մասին՝ տուժողը հայտնեց, որ այդ օրը ժողով է եղել, որին մասնակցել է իրենց վաշտի հրամանատար Տարոն Նիկողոսյանը։ Նա էլ հենց հայտնել է, որ հետախույզների շարժվելուց հետո իրենք են ճանապարհ ընկնելու։ Ճանապարհը հստակ չեն իմացել, գիտեին, որ պիտի գնային «Մելոյի գոմեր» կոչվող տեղանքի ուղղությամբ․
«Հասել ենք մինչեւ Իշխանաձորի խաչմերուկ, հետո սպասել ենք, որ «Ուրալը» գնա՝ լիցքավորում անի, որ շարժվենք, լիցքավորման կետը կողքի գյուղում էր։ Այդտեղ քաղաքացիական ոստիկաններ կային, այլ անձնակազմ՝ երեւի մոբ, մենք հարցնում էինք՝ էսինչ հատվածը որտեղ է, փորձում էինք իմանալ՝ կոնկրետ ուր պիտի գնայինք, հեռավորությունը ինչքան է։ Եղանակը պարզ էր։ Մեր այդտեղ հասնելուց 1-2 րոպե հետո արդեն ԱԹՍ-ի ձայնը լսել ենք, իջել ենք, նաեւ տեսել․ մեր վերեւում էր։ «Ուրալ»-ը հենց եկավ, կանգնեց մեր կողքը, բորտը բացեցինք, անձնակազմը իջավ ու ցրվեց, ինչպես հրահանգավորվել էինք։
– Որտե՞ղ ցրվեց, ի՞նչ շառավղով,- հարցրեց մեղադրող Մարգարյանը։
– Խաչմերուկի վրա՝ մի մասը կանգառի հատվածում, մի մասը դիմացի հատվածում՝ փոսոտ տեղ կար, մի մասը՝ սյան տակ․․․
– Զենքերո՞վ էր ցրվել։
– Այո։
– Իսկ մեջքին պառկելու եւ կրակոց արձակելու պատրա՞ստ է եղել։
– Այո։
– Աձամբ տեսե՞լ եք, որ կրակեն։
– Որ ասեմ բոլորին՝ չէ, բայց ինչքան որ նկատել եմ, այո։
– Իսկ Դուք ի՞նչ էիք անում, պատսպարվա՞ծ էիք։
– Մեքենայից մի քիչ հեռու՝ կանգառի հատվածում էինք, կարելի է ասել՝ հա, բայց ինձ համար, որպես ծառայության պետի, դա ոնց որ երկրորդական էր, առաջնայինը անձնակազմն էր։
Խորեն Մելիքյանը հայտնեց, որ ցրվելուց 5-10 րոպե հետո նույն խաչմերուկ է ժամանել հրամանատար Անդրանիկ Վերանյանը։ Նրան մոտ է կանգնած եղել հիշյալ վաշտի հրամանատար Տարոն Նիկողոսյանը, որին էլ հրաման է տվել, որ նստեն ու շարժվեն առաջ․ «Խոսակցությունը ես մասամբ եմ լսել, որ պետք է նստենք, շարժվենք առաջ։ Տարոնն ասել է, որ ԱԹՍ է եղել օդում, դրա համար անձնակազմը իջեցրել է։ Այդ պահին ձայնը գալիս էր, նաեւ տեսանելի էր։ Անձնակազմը նստել է մեքենա ու շարժվել։ Ոչ մեկս չենք ընդիմացել, խնդիրը ստացել ենք ու կատարել։ Հա, Հարութն ասեց՝ ԱԹՍ-ն որ օդի մեջ է, ո՞նց գնանք, ես էլ ասել եմ՝ խնդիր է, պիտի կատարենք»։
– Խնդրի կատարումը Ձեր ասած հրահանգավորմանը ուղիղ հակասում էր, ինչո՞ւ կատարեցիք։
– Չեմ մտածել չկատարման մասին, ըստ իս՝ չէինք կարող չանել։
– Իսկ ԻՍՎ զինծառայողների՝ պատերազմի նկատմամբ վերաբերմունքը ինչպիսի՞ն էր։
– Մարտական։
– Եղե՞լ է որեւէ զինվոր, որ փորձի ամեն գնով խույս տալ մարտական գործողություններին մասնակցելուց։
– Ոչ, ես եմ ուզել դիմել հրամանատարական կազմին՝ հաշվի առնելով, որ Զավենն ու Արմենը չմասնակցեն, քանի որ հարազատ եղբայրներ էին, բայց իրենք չեն ուզել, ասել են՝ եթե մեկս գնում է, ուրեմն՝ երկուսս գնում ենք, եթե չէ, ուրեմն՝ չէ։ Մնացած առումով որեւէ խնդիր չի եղել։
Նշենք, որ հիշյալ Արմենը միակ փրկված զինծառայողն է, եղբայրը՝ Զավենը, զոհվել է։
Տուժողը մանրամասնեց՝ ինչ է տեղի ունեցել պայթյունից հետո
Մելիքյանը պատմեց, որ առջեւից գնում էր զինծառայողների «Ուրալը», հետո՝ ինքը, որ գտնվում էր զինծառայողներից մեկի՝ Հարությունի մեքենայում նրա հետ միասին (ծնողը, պատմել է, որ իմանալով իր որդու Արցախ տեղափոխման մասին, եկել էր՝ նրա կողքին լինելու եւ հնարավորության սահմաններում օգնելու)։ Այդ ընթացքում Հարությունը ճշտում էր՝ որտեղով գնան, իմանալուց հետո արդեն զինծառայողներից առաջ են անցել․
«Ամսի 5-ին կարգված անձինք կային, որ մեզ ուղղություն էին ցույց տալիս, ամսի 9-ին՝ ոչ։ Մեր «Ջիպի» առաջ անցնելուց հետո ձայնը ավելի է ուժեղացել ու մի քանի վայրկյան հետո հարվածել է։ Ես ինձ մեքենայից դուրս եմ գցել, «Ուրալը» մոտեցել է ինձ ու տրաքել։ Վիրավորում եմ ստացել աջ կողմից՝ թեւս, մեջքս, ձեռքս․․․ Ընկած էի գետնին, թեւս, ոտքս չէի կարողանում կապել, որովհետեւ թուլացել էր սաղ, մի քանի րոպե անց նկատեցի՝ սեւ ամենագնաց է գալիս, հետո իմացել եմ, որ Իշխանաձորի գյուղապետն է եղել։ Էդ մարդը եկել, կանգնել է մեր հետեւի մասում, որտեղ պատրոնները տաքացել էին, արդեն ինքնիրեն վառվում էին, մի ոտքով թռվռալով՝ հասել եմ իրեն, տեսել, որ Արմենին հետեւի նստատեղի վրա պառկացրել էր։ Դուռը բացեց, ինձ նստեցրեց, հագիս բռոնիկ եղել է, կասկա չէ․․․ Ճանապարհին ուզում էի խոսել, չէի կարողանում, բայց Արմենի վիճակն ավելի վատ էր, իմ խնդիրը այն էր, որ արյունս վերջանում էր, շնչառությանս վրա ազդում էր․․․ Հիշում եմ միայն, որ հարցրի՝ Արմեն, դո՞ւ ես, բա հա, ասել եմ՝ լավ ա լինելու․․․ Տղերքը դեռ «Ուրալի» մեջ էին, վառվում էին, Արմենին էլ երեւի պայթյունի ժամանակ ալիքն է շպրտել, մեջից գցել, միայնակ դժվար թե կարողանար իջնել»։
Անդրանիկ Վերանյանի դեպքի վայր ժամանելը տուժողը չի տեսել, հետագայում է իմացել, որ նա եկել է։
Տուժողը պարզաբանեց՝ ինչու է հակասական ցուցմունքներ տվել
Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը տուժողին հարցրեց՝ նախաքննության ժամանակ իր տված մի քանի ցուցմունքների միջեւ տարբերություն նկատո՞ւմ է։ Մելիքյանը դրական պատասխանեց, նշեց՝ մի անգամ է եղել այդպիսի բան, բայց ինքը հետագայում ուղղել է իրեն․
– Իսկ ո՞րն է պատճառը, որ նախկինում այլ բան եք ասել,- հարցրեց մեղադրողը։
– Թույլ տվեք չպատասխանել,- ասաց տուժողը։
– Առանց կաշկանդվելու պատասխանեք,- արձագանքեց նախագահող դատավոր Լեւոն Պետրոսյանը։
– Ուզել եմ այդկերպ օգնած լինել Վերանյանին,- հայտնեց տուժողը։
– Վերանյանն ինչո՞ւ ուներ օգնության կարիք,- հետաքրքրվեց մեղադրողը։
– Չգիտեմ՝ ուներ թե չէ, ես, որպես զինվորական, որպես ուսադիր կրող մարդ եմ փորձել։
– Վերաբերմո՞ւնք եք ուզել ցուցաբերել,- միջամտեց դատավորը։
– Այո, որպես զինվորական։
– Դուք փաստացի հրահանգավորված եք եղել ԱԹՍ-ի առկայության պարագայում երթ չկատարել եւ ցրվել, ինչը արել եք։ Եթե օդում ԱԹՍ-ն շարունակել է մնալ, եւ Վերանյանը դա տեսել է, պե՞տք է հրահանգով շարժվեր,- հարցրեց Հայկ Մարգարյանը։
– Ըստ իս՝ այո։
– Հիմա երբ դուք ասել եք՝ ԱԹՍ չեմ լսել, իբրեւ թե, չեմ հիշում, բայց փաստացի, ստել եք, այդ պայմաններում Վերանյանին օգո՞ւտ եք տվել, ինչպե՞ս եք փորձել օգնել։ Ես հասկանում եմ՝ Դուք ինչ եք ասում, բայց դատարանին չեք պարզաբանում։
– Երեւի հա, որ [ԱԹՍ] չի եղել․․․
– [Այսինքն՝] չի եղել, ուրեմն՝ երթը կարելի էր շարունակե՞լ։
– Այո, բայց էստեղից էլ երկրորդ հարցն է էլի գալիս՝ եղել է, որ զորքին իջեցրել ենք, չլիներ՝ չէինք իջեցնի։
– Իսկ Ձեր այդ օգնելու ցանկությունը Դո՞ւք եք ունեցել թե՞ որեւէ մեկը խնդրել կամ պարտադրել է։
– Ոչ ծնողների կողմից է եղել ուղղություն տալու խնդիր, ոչ պարոն Վերանյանի, ոչ մի կողմից չի եղել։
– Իսկ այն, որ Հարութի հետ, կարելի է ասել, 4-5 օր պատերազմական իրավիճակում մտերմություն եք արել, արդյո՞ք ազդեցություն չի ունեցել տարբեր ցուցմունքներ տալու վրա։
– Ես էդ ցուցմունքը տալու հաջորդ օրը գնացել եմ, փոխել այդ հատվածը, եւ դա արվել է նրա համար, որ ոչ միայն այդ հարաբերությունը, այլ իմ վաշտը, իմ տղերքը, իմ էրեխեքը․․․ Ոչ մեկս էլ չէր ուզի էդ ամենի միջով անցնել․․․ Զուտ իմ խիղճն էր ու մարդկությունը, որ ես չէի կարող անել, հաջորդ օրը գնացել եմ ու ցուցմունք տվել, ոնց որ եղել է։
Պաշտպանական կողմը այլ հակասություններ եւս տեսավ
Մեղադրյալ Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նարեկ Գրիգորյանը հետաքրքրվեց՝ միայն այդ դրվագի վերաբերյա՞լ է տուժողը սխալ ցուցմունք տվել։ Ի պատասխան՝ վերջինս ասաց՝ 5 տարի է անցել, լավ չի հիշում, բայց պիտի որ։ Գրիգորյանն էլ թվարկեց մի քանի այլ հակասություններ տուժողի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքների միջեւ։
Դրանց վերաբերյալ դատավորը ճշգրտող հարցեր տվեց․
– Ի վերջո համապատասխան իրավիճակում ԱԹՍ-ների տեսանելի կամ լսելի լինելու առնչությամբ ի՞նչ դիրքորոշում ունեք, տեսանելի եւ լսելի եղե՞լ է։
– Այո։
– Նախաքննության ընթացքում փորձել եք այլ բնույթի տեղեկություն հայտնել՝ որոշակի օգուտ տալով Վերանյանին, պաշտպանը նշեց՝ Ձեր ցուցմունքում ասել եք, որ այլ անձանց հետ խոսելուց հետո եք փոխել ցուցմունքը։ Ի վերջո, ինչո՞ւ որոշեցիք, որ դա է ճիշտը։
– Որ գնացել եմ տուն, ահագին իմ մեջ մտածել եմ, իմ զանգը եղել է միայն Հարությունին, ասել եմ՝ որոշել եմ գնալ, ցուցմունքս փոխել, չի լինի սենց, լույսը բացվել է, գնացել եմ, ռեալ իրականությունը հայտնել եմ։
– Անդրանիկ Վերանյանի հրամանին որեւէ մեկը դեմ գնացե՞լ է։
– Հարությունն է խոսել, ոնց ներկայացրել եմ, բայց որ ասեն՝ չէ, չենք կատարում, չի եղել։ Անհամաձայնություն եղել է ծնողի կողմից։
– Դա սահմանված կարգ ունեցե՞լ է։
– Ըստ բանավոր հրահանագավորման է եղել։

– Ե՞րբ եք առաջին անգամ առնչվել ԱԹՍ-ին ։
– Հոկտեմբերի 4-ին էր՝ կեսօրից հետո։
– Ձեր նշած ինքնաձիգով ԱԹՍ-ին կրակելը արդյունավե՞տ միջոց է։
– Եթե բարձր է, չեմ կարծում, բայց ժողովրդական լեզվով ասած՝ կարողա մի քյոռ գյուլլա գնա, կպնի, եթե կենտրոնացված կրակ է։
– Իսկ հանրավոր չէ՞, որ դրանով իսկ նշմարվի անձնակազմի գտնվելու տեղը։
– Եթե անձնակազմը ցրված է, չեմ կարծում։
– Եթե Անդրանիկ Վերանյանը չգար, ինչքա՞ն պիտի մնայիք։
– Երեւի այնքան, որ ԱԹՍ-ն ոչ տեսանելի լիներ, ոչ լսելի, կարծում եմ՝ այդպես կանեինք որովհետեւ դրա համար էինք իջել։
– Իսկ այդ խաչմեչրուկը անվտա՞նգ տեղ էր։
– Եթե ցրված ենք, հա, ճիշտ է՝ մարտի դաշտում անվտանգ տեղ չկա, բայց եթե ցրված ես, տնից-տեղից հեռու, քիչ կորուստ կտաս․․․
– Ինչպե՞ս կբնութագրեք Վերանյանին։
– Նորմալ զինվորական էր։
– Ըստ Ձեզ՝ նա ավելի բարդ խնդիր չի՞ կատարել, քան գյուղից մինչեւ Ջրական երթ կատարելը։
– Կատարել է։
– Ըստ ձեզ՝ ի՞նչ շահագրգռվածություն պիտի ունենար այդ հրամանը կատարելիս։
– Ես չեմ էլ մտածում, որ ինքը խրախուսանքի արժանանալու համար է ինչ-որ մի բան արել։
Փրկված միակ զինծառայողի կարծիքով՝ անհնար էր ԱԹՍ-ն չնկատել
Հաջորդիվ ցուցմունք տվեց 2020 թ․ հոկտեմբերի 9-ի դրությամբ ժամկետային զինծառայող Արմեն Հակոբյանը։ Նախապես նշեց՝ 6 անգամ վիրահատվել է, այդ թվում՝ անզգայացմամբ, եւ հնարավոր է՝ որոշ բաներ չհիշի։
Նա պատմեց, որ դեպքի նախորդ օրը պետք է գնային՝ լիցքավորման, սակայն ճանապարհի կեսից զանգ են ստացել հետախուզական վաշտից, որը տեղեկացրել է, որ «օդը մաքուր չէ», եթե շատ չեն անցել, հետ գնան։ Դա է պատճառը, որ իրենց մեքենան նախապես լիցքավորված չի եղել, եւ հոկտեմբերի 9-ի երթի ընթացքում են գնացել լիցքավորման․ «Հասել ենք խաչմերուկ, Խորենին ասել ենք, որ լիցքավորելու ենք գնում, կողքի գյուղ ենք գնացել, երեւի 15-20 րոպե է տեւել, հետ ենք եկել, Խորենն ասել է ՝ անձնակազմին իջեցրեք, պատսպարվեք։ Ես եղել եմ վաշտի դասակի հրամանատարի տեղակալը, միասին անձնակազմը բացազատել ենք, որ ԱԹՍ-ն չհարվածի»,- հայտնեց տուժողը՝ նշելով, որ ԱԹՍ-ն երկնքում պարզ երեւում էր․ եթե մոտենար, կկրակեին։
Հակոբյանի խոսքով՝ պատսպարվելուց 5-10 րոպե հետո Վերանյանի մեքենան է ժամանել խաչմերուկ․ «Հարցրեց՝ ինչի՞ համար եք իջել, Նիկողոսյանը մոտեցավ, պատասխանեց, որ ԱԹՍ կա վերեւում, Վերանյանը մեքենայի դուռը բացեց, իջավ, ասեց՝ չկա, Տարոնը՝ բա չէ, կա, դրա համար ենք իջել, բա նստեք, քշեք, ես անձամբ էլ ասեցի որ կա, ասեց՝ ԱԹՍ-ն ձեր խնդիրը չէ, ՀՕՊ-ի խնդիրն է, հրաման եմ տալիս, արագ շարժվեք․․․ Էդ ժամանակ ձայնը լսվում էր, բայց երկնքին չեմ նայել էլ․․․ Շարժվել ենք, դիք ենք բարձրացել, ձայնը սկսել է ուժեղանալ, ու հարվածել է․․․ Հարվածը որ եղավ, պայթեց, ինձ դուրս գցեց մեքենայից, ընկել եմ տակը, փորձել եմ իմ վրայի կրակը հանգցնել, կանգնել եմ, ոտքս տեղում փշրվել է, դրանից հետո ընկել եմ գետնին, Հարությունն է եկել, օգնել մեքենայի տակից հանել, հետո գյուղապետն է եկել, ինձ դրել իր մեքենայի մեջ, հետո Խորենին է օգնել, նստեցրել մեքենան, մեզ տարել հոսպիտալ»։
Տուժողի կարծիքով՝ ԱԹՍ-ի ձայնը անհնար էր չնկատել․ եթե իրենք բոլորով նկատել են, հրամանատարն էլ պիտի նկատեր․ «Եթե համբերություն ունենար, երկնքի մեջ նայեր, հաստատ կտեսներ․․․ Որ մի քանի րոպե ավել պահեր անձնակազմին, կհասկանայինք՝ օդը մաքուր է թե չէ, ոչ թե միանգամից հրաման տար շարժվել, թեկուզ կարող էր կապ հաստատել ՀՕՊ-ի հետ՝ ստուգեին»,- պնդեց նա։


