Վերանորոգվել են «Արմավիր» ՔԿՀ կարանտինային խցերը, ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարում. Գալյանը մանրամասնում է | 1lurer.am

1lurer.am  «Արմավիր» ՔԿՀ կարանտինային խցերը վերանորոգել ենք: «Արմավիր» ՔԿՀ-ում չկար 24-ժամյա ջրամատակարարում, այսուհետ կա: Մյուս բոլոր ՔԿՀ-ներում հիմնարկի միջոցների հաշվին իրականացվել և իրականացվելու են վերանորոգման աշխատանքներ: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով ՔԿՀ-ներում պատժի կրման պայմաններին:

Գալյանը վստահեցրեց՝ մի շարք հիմնարկներում աշխատանքներն արդեն կատարվել են, մյուսներում շարունակվում են, ապա հիշեցրեց իր՝ «Արթիկ» ՔԿՀ վերջին այցի մասին, որտեղ, ըստ նախարարի, կատարված աշխատանքները ցցուն երևում են:

««Արթիկ» ՔԿՀ-ում, օրինակ, ջրահեռացման համակարգն ենք ուսումնասիրել, տեսել, որ մինչև հիմա չկա: Դրա վրա ենք աշխատում, որպեսզի մեր կատարած վերանորոգման աշխատանքներն ապարդյուն չլինեն, այսինքն՝ մեկ տարվա կյանք չունենան, և դրանից հետո նորից կշարունակենք աշխատանքները, բայց տարբերությունը սարերի ու ձորերի է»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ կատարված աշխատանքի հաշվետվությունը կա նաև ՔԿՀ պաշտոնական կայքէջում:

««Աբովյան» ՔԿՀ-ն գրեթե ամբողջությամբ վերանորոգված է, այնտեղ միայն լանդշաֆտի խնդիր ունենք լուծելու, այսինքն՝ բակային հատվածում խնդիրներ ունենք լուծելու, և երկարաժամկետ տեսակցությունների սենյակների մասով փոքր-ինչ փոփոխություններ ունենք անելու: Մնացած հատվածներն ամբողջությամբ վերանորոգված են»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ բոլոր խնայողություններն ուղղվել են գույքագրված խնդիրների լուծմանը:

Սրբուհի Գալյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրության արդյունքում նաև պարզել են, որ ոչ բոլոր ՔԿՀ-ներն ունեն էլեկտրական գեներատորներ, և հիմա արդեն հայտարարվել է էլեկտրական գեներատորների ձեռքբերման մրցույթ:

«Ինչո՞ւ է սա կարևոր, որովհետև մենք հաջորդ ծրագրով ցանկանում ենք ՔԿՀ-ների արտաքին պարագծի հսկողությունն իրականացնել տեխնիկակական միջոցներով, այսինքն՝ տեսախցիկներով պետք է վերահսկվի ՔԿՀ-ն, նաև դրա ֆինանսական գնահատականը և ծախսային բեռն այս տարվա բյուջեով նախատեսված են»,- նշեց արդարադատության նախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն