Խերսոնում մանկական հիվանդանոցին ռուսական հարվածից առնվազն 9 մարդ է վիրավորվել, նրանցից 4-ը՝ երեխա | azatutyun.am

azatutyun.am  Ուկրաինայի իշխանությունները հայտնում են, որ Խերսոնում մանկական հիվանդանոցին ռուսական հարվածի հետևանքով վիրավորվել է առնվազն 9 մարդ, այդ թվում՝ 4 երեխա։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այն անվանել է «դիտավորյալ» հարձակում, ինչը կրկին փաստում է, որ Մոսկվան խաղաղություն չի ցանկանում։

«Ռուսաստանը ոչ միայն ձգձգում է իր ահաբեկչական պատերազմը, այլև փորձում է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի պատերազմը դադարեցնելու ոչ մի հնարավորություն չհաջողվի», – ասել է Զելենսկին։

Ուկրաինացի պաշտոնյաները տեսանյութեր են հրապարակել, որտեղ երևում է՝ հարվածի հետևանքով կոտրվել են հիվանդանոցի պատուհանները, բեկորները ցրված են պատգարակների և բժշկական սարքավորումների վրա։

Սա առաջին դեպքը չէ, երբ ռուսական հարվածից հիվանդանոց է վնասվում, թեև Մոսկվան շարունակաբար պնդում է, թե թիրախավորում է միայն ռազմական օբյեկտներ։

«Նրանք չէին կարող չիմանալ, թե ինչին են հարվածում։ Սա դիտավորյալ հարձակում էր, մասնավորապես՝ երեխաների, բժշկական անձնակազմի դեմ», – ասել է Զելենսկին, հավելելով՝ հարձակման պահին հիվանդանոցում մոտ 100 մարդ է եղել։

Մոսկվան որևէ մեկնաբանություն չի արել հարվածի վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն