ՀՀ կառավարությունը հավանություն տվեց պարտադիր զինծառայության ժամկետը կրճատելու և առաջիկա ձմեռային զորակոչից այն 18 ամիս դարձնելու օրենքի նախագիծը՝ այն համարելով անհետաձգելի:
Այն ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:
Նա նշեց, որ սույն նախագիծը չի վերաբերելու մինչև 2026թ. հունվարը զորակոչված անձանց՝ ընդգծելով, որ անցման ժամանակ որևէ խզում տեղի չի ունենա, քանի որ բոլոր ռիսկերը հաշվի են առնվել:
«Վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր՝ ի դեմս «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինծառայության կազմակերպման գործընթացի, որի արդյունքները գնահատվում են դրական և միտում ունեն առավել գրավիչ դարձնել ու ընդլայնել պայմանագրային զինվորական ծառայությունը»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ:
Նշենք, որ օրենքի նախագիծը դեռևս պետք է քննարկվի և ընդունվի խորհրդարանում:
Հիշեցնենք, որ նախագիծը առաջարկել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը: Ի սկզբանե նախագծում մեկնարկի ժամկետ էր նշվել 2026-ի հուլիսը, բայց ս.թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պաշտպանության նախարարի և խորհրդարանական գործընկերների հետ քննարկումների արդյունքում փոխել են ժամկետը՝ որոշելով, որ պարտադիր զինծառայության ժամկետը կրճատելու նախագիծը ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2026թ. հունվարի 1-ից:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը շատ լավ մշակված նախընտրական քայլ է անվանել նախագիծը. «Նիկոլ Փաշինյանի այդ կեղծ թեզը, թե տեսեք, խաղաղություն է, փորձում են այս սոուսի մեջ տեղավորել։ Նման արմատական փոփոխության դեպքում պետք են լուրջ հիմնավորումներ, վերլուծություններ, ստատիստիկա, դեմոգրաֆիկական խնդիրներ»։
«Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանն էլ նշել է, որ Կառավարության «հիմնավորումը» ակտիվ համալրումների առումով չի համապատասխանում իրականությանը․ «Վերջին 4 տարիներին մարտական հերթապահության և մարտական այլ խնդիրների կատարման համար ստիպված են եղել, յուրաքանչյուր տարի, հազարավոր պահեստազորայիններ և ԵԿՄ ներկայացուցիչներ ընդգրկել»: