shantnews.am Աշխարհում միջուկային ռիսկերն արդեն իսկ մտահոգիչ բարձր են, և երկրները պետք է խուսափեն ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել լարվածության սրման՝ աղետալի հետևանքներով։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից միջուկային փորձարկումների վերսկսման մասին հայտարարությունը։
«Գլխավոր քարտուղարը որոշ ժամանակ է, ինչ ասում է, որ միջուկային ներկայիս ռիսկերը մտահոգիչ բարձր են, և որ պետք է խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել սխալ հաշվարկների կամ սրման՝ աղետալի հետևանքներով», – ասել է Հաքը։
Նա հիշեցրել է «վերջին 80 տարիների ընթացքում անցկացված ավելի քան 2000 միջուկային զենքի փորձարկումների ավերիչ ժառանգությունը»։
Թրամփը նախկինում հայտարարել էր, որ ինքը Պենտագոնին հանձնարարել է անհապաղ վերսկսել միջուկային զենքի փորձարկումները: Նա չի մանրամասնել, թե դա կոնկրետ ինչ է նշանակում կամ արդյոք դա ներառում է միջուկային մարտագլխիկների պայթեցում: