Մեր ջրառով պայմանավորված՝ Սևանի մակարդակը կարող է իջնել մինչև 13 սմ, ո՛չ ավելի. Խուդաթյան | 1lurer.am

1lurer.am  Ոլորտը, ի տարբերություն ձեր գործընկեր Արծվիկ Մինասյանի, ավելի լավ եմ կառավարում, որովհետև երբ ինքն էր ոլորտի պատասխանատու նախարարը, Սևանից ջրառը եղել է ոչ թե 183 մլն խորանարդ մետր, ինչպես իմ ժամանակ, այլ 265 մլն խորանարդ մետր: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի դիտարկմանը, թե արդարացում չէ այն, որ Սևանից 30 մլն խորանարդ մետր հավելյալ ջուր վերցնելու որոշում է կայացվել, բայց դրա 19 մլն խորանարդ մետրն է օգտագործվել, քանի որ կա Սևանա լճի մասին փորձագիտական եզրակացություն, որում փորձագետները դեմ են արտահայտվել հավելյալ ջրառին:

Դավիթ Խուդաթյանը կարծում է՝ նախկինում ջրառի թիվը շարունակաբար մեծ է եղել, խոսքը միայն մեկ տարվա մասին չէ:

«Երբ այդ ժամանակները նայենք, կտեսնենք, որ Սևանից ջրառը եղել է 265 մլն խորանարդ մետր, 260 մլն խորանարդ մետր: Պնդում եմ, որ ավելի լավ եմ կառավարել ոլորտը, քան Արծվիկ Մինասյանը: Գոնե թվերը դրա մասին են խոսում»,- ասաց նա:

Արման Ղազարյանը հիշեցրեց, որ Արծվիկ Մինասյանը նախարար եղած ժամանակ դեմ է եղել Սևանից հավելյալ ջրառին, անգամ դեմ է քվեարկել առաջարկին:

Ի պատասխան՝ Դավիթ Խուդաթյանը, համեմատելով իր և Արծվիկ Մինասյանի ղեկավարման տարիների ջրառի թվերը, եզրակացրեց՝ միայն ջրառի հետևանքով մոտավորապես 7-8 սմ լճի մակարդակն ավելի է իջել, քան հիմա է իջնում: Նախարարը նաև ընդգծեց՝ պետք է հաշվի առնել, որ միայն ջրառով պայմանավորված չէ, որ լճի մակարդակը կարող է իջնել, պատճառ կարող են լինել նաև եղանակային պայմանները:

«Մեր ջրառով պայմանավորված՝ Սևանի մակարդակը կարող է իջնել մինչև 13 սմ, ո՛չ ավելի: Եթե այդ թվերը դրանից ավելի են, հետևաբար եղանակային պայմաններով պայմանավորված են, իսկ այդ թվերը դրանից մի քանի անգամ ավելի են, այսինքն՝ Սևանա լճի մակարդակի իջեցման մեջ վատագույն դեպքում, վատագույն սցենարով ջրառի մասնաբաժինը 20 տոկոսից ավելի չի կազմել և չի կարող կազմել: Մնացածը եղանակային պայմաններով է պայմանավորված, ինչը ավանդաբար է այդպես»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին խորհրդարանն ընդունել է Սևանա լճից 30 մլն խորանարդ մետրով ավելի ջրառ իրականացնելու նախագիծը: Սևանա լիճն Էջմիածնի տարածաշրջանի, Երևանի որոշ հատվածների և Արտաշատ բնակավայրի հարակից հատվածների համար ոռոգման միակ միջոցն է: Դրանով էր պայմանավորված Սևանից հավելյալ ջրառը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն