pastinfo.am Ադրբեջանի իմ գործընկերը խնդրել է՝ պատեհ առիթով փոխանցեմ, որ իրենք ՀՀ գալու հետ կապված որևէ խնդիր չունեն, և Եվրանեսթին իրենց չմասնակցելը պայմանավորված է իրենց՝ այդ կազմակերպության հետ հարաբերություններով։ Իրենք որևէ խնդիր չեն տեսնում մեր համագործակցության և փոխադարձ այցերի հետ կապված։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով հարցին, թե ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ 2026թ-ին Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահը Երևան չի գալու, ինչու Ալիևը չի սեղմում ՀՀ մեկնած ձեռքը։
Սիմոնյանն ընդգծեց, որ այդ գագաթնաժողովին հայկական կողմը ակնկալում է բոլոր նախագահների մասնակցությունը ոչ միայն Ադրբեջանինն ու Թուրքիայինը։ «Մենք ակնկալում ենք, որ բոլոր այն երկրները, որ մասնակցել են այդ միջոցառմանը մշտապես՝ հնարավորություն կգտնեն ՀՀ այցելել։ Կարծում եմ, եթե Ադրբեջանի նախագահը որոշում ունենար չգալու՝ այդ մասին կասեր։
Ի վերջո, եթե իմ գործընկերն ասում է՝ Եվրանեսթին չեն գալու Հայաստան, որովհետև խնդիր կա կազմակերպության հետ՝ նշանակում է՝ պատրաստ եղեք, հարգելի ժողովուրդ, ադրբեջանական պատվիրակությունները գալու են Հայաստան, հայկական պատվիրակությունները գնալու են Ադրբեջան։ Իհարկե, կան հարցեր, որ պետք է քննարկվեն, մասնավորապես, գերիներին, պահվող անձանց վերաբերող հարցը, որը մեծագույն պրոբլեմ է, բայց շփումները շարունակվելու են և մենք էդ շփումները խորացնելու ենք։ Երբ ես ասում եմ՝ մենք, դա նշանակում է, որ իմ ընկալմամբ՝ ադրբեջանական կողմը նույն գծի վրա է։ Մենք ակնկալում են, որ այդ միջազգային մեծ կոնֆերանսին և Թուրքիայի և Ադրբեջանի նախագահը ներկա կգտնվեն»,-ասաց Սիմոնյանը։