factor.am Արցախի ղեկավարների ևայլ պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստի ընթացքում նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը նշել է, որ մի շարք «տուժողներ» ներկայացրել են հայտարարություններ, որոնցում հայտնում են, որ չեն կարող ներկայանալ դատարան, հաստատում են նախաքննության ընթացքում տված իրենց ցուցմունքները և խնդրելով այն բարձրաձայնել։ Կողմերը չեն առարկել այդ ցուցմունքները ներկայացնելու դեմ։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատական նիստը շարունակվել է պաշտպանության կողմից ներկայացված լրացուցիչ ապացույցների քննարկմամբ։ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի միջնորդությամբ ուսումնասիրվել է 2020 թվականին Տավուշում տեղի ունեցած իրադարձություններից հետո նկարահանված տեսանյութ։ Իշխանյանի փաստաբանը հոկտեմբերի 24-ի դատական նիստում այս տեսանյութն ուսումնասիրելու միջնորդություն էր ներկայացրել։
2020 թվականի օգոստոսի 28-ին յութուբում տեղադրված տեսանյութում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ զինծառայողներին պարգևատրում է Սարդարապատում։ Հաղորդվում է, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ միջոցառման ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ բոլոր պարգևատրվածները հուլիսյան մարտերի ակտիվ մասնակիցներ են եղել։
Պետական մեղադրող Վյուսալ Աբդուլլաևն Արայիկ Հարությունյանին հարց է ուղղել, թե «ի՞նչ նպատակով և ի՞նչ կարգավիճակով է հրավիրվել այս միջոցառմանը», նաև հարցրել է 2020 թվականի հունիսի 19-ին Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին մասնակցության մասին։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ Արցախի ներկայացուցիչները պարբերաբար հրավիրվել են ՀՀ-ում անցկացվող նմանատիպ միջոցառումներին, իսկ Անվտանգության խորհուրդների նիստի ժամանակ քննարկվել են Հայաստանի անվտանգության, բանակի մարտունակության և հնարավոր պատերազմական սցենարներին վերաբերող հարցեր։
Բաքվում հայ ռազմաքաղաքական ղեկավարության դատական նիստերը լուսաբանում են միայն ադրբեջանական լրատվամիջոցները։ Նիստերի ժամանակ տեղի ունեցողի, հայ բանտարկյալների ցուցմունքների իսկությունը հավաստի եւ ոչ ադրբեջանական աղբյուրներում ստուգելու հնարավորություն առկա չէ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում