Քիմիկների գործով Էլլադա Հարությունյանին մեղսագրված հանցանքի վաղեմության ժամկետներն անցել են 

44-օրյա պատերազմից 5, իսկ Քիմիկների զորամասի վերաբերյալ քրեական գործը դատարան ուղարկելուց 3 տարի անց մեղադրյալներից մեկին՝ Էլլադա Հարությունյանին մեղսագրված հանցանքի քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետները լրացել են։

Հարությունյանը, որ 2020 թ․ զբաղեցրել է Քիմիկների զորամասի համալրման բաժանմունքի պետի պաշտոնը, մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (2003 թ․ ՔՕ-ի 314-րդ հոդվածի 1-ին մաս), որի համար քրեական պատասխանատվության ենթարկվելու ժամկետը 5 տարի է։ Սա նշանակում է, որ եթե անգամ հետագայում դատարանը համարի, որ Հարությունյանը մեղավոր է, վերջինս կազատվի պատասխանատվության ենթարկվելուց։

Պաշտպան Մարտիկ Մարտիրոսյանը

Վաղեմության ժամկետի լրանալու մասին դատարանում բարձրաձայնեց գործով մյուս մեղադրյալ, այդ ժամանակ նույն զորամասի շտաբի պետ Սարգիս Կուլակչյանի պաշտպան Մարտիկ Մարտիրոսյանը՝ նշելով՝ քանի որ գործը քննվում է Քրեական դատավարության նախկին օրենսգրքի կարգավորումների հիման վրա, վարույթն իրականացնող մարմինը, տվյալ դեպքում՝ դատարանը, պարտավոր է մեղադրյալին առաջարկել այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնել։ Մարտիրոսյանն ընդգծեց՝ ինքը ներկայացնում է միայն Կուլակչյանի շահերը եւ այս հայտարարությունն անում է՝ հաշվի առնելով միայն, որ Հարությունյանը պաշտպան չունի։

Հարությունյանի եւ Կուլակչյանի մեղադրանքը առնչվում է միեւնույն՝ ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ Վարդան Նշանյանի որդու՝ Գեւորգ Նշանյանի՝ ծառայությունից խուսափելու հանգամանքը առերեւույթ կոծկելու դրվագին։ Ըստ գործի նյութերի՝ Էլլադա Հարութունյանը Սարգիս Կուլակչյանի ցուցումով 2020 թ․ հոկտեմբերի 24-ին Գեւորգ Նշանյանին հրամանագրել է որպես զորամասի հիմնական կազմի հետ մարտական ծառայությունից զորամաս վերադարձած զինծառայող՝ այն պարագայում, երբ վերջինս զորամասի հրամանատարի թույլտվությամբ լքել է մշտական տեղակայման վայրը՝ զոհված ազգականի դին գտնելու եւ հուղարկավորելու նպատակով եւ ծառայակից քիմիկների հետ չի մասնակցել մարտական գործողությունների։

Էլլադա Հարությունյանն ու Սարգիս Կուլակչյանն առաջադրված մեղադրանքները չեն ընդունել։

Էլլադա Հարությունյանը քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացրեց

Պաշտպանի հայտարարությունից հետո դատարանը, դատավոր Սարգիս Դադոյանի նապագահությամբ, դիմեց Էլլադա Հարությունյանին՝ հետաքրքրվելով՝ ի՞նչ դիրքորոշում ունի նա վաղեմության ժամկետը անցած լինելու հիմքով իր քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։

«Ես շատ եմ ուզում արդարացված դուրս գալ, որովհետեւ իրականում կապ չունեմ, բայց այժմ համարվում եմ ստացիոնար բուժման մեջ՝ բժշկական կենտրոնում պառկած հիվանդ։ Ինձ երեկ պետք է վիրահատեին, բայց քանի որ չեմ ուզել խոչընդոտել դատական նիստին, իմ վիրահատությունը հետաձգել են վաղը, եկել եմ էստեղ։ Հարգելի՛ դատարան, երեք փուլով է լինելու, առողջությանս բավականին վտանգ սպառնացող խնդիր կա, որոշումը Ձերն է, ես դեմ չեմ, որպեսզի պարբերաբար այս դատական նիստին խոչընդոտ չհանդիսանամ, եթե չէ, ամուսինս պարբերաբար բժշկական թղթերը կներկայացնի, մինչեւ եկող տարվա առաջիկա 2-3 ամիսը պետք է բացակայեմ»,- ասաց Հարությունյանը։

Դատավոր Սարգիս Դադոյանը

Դատավոր Սարգիս Դադոյանը պարզաբանեց՝ եթե մեղադրյալը այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնի, եւ դատարանը այն բավարարի, դա լինելու է ոչ արդարացնող հիմք․

– Այսինքն՝ այդ դեպքում դատարանը ձեր մեղավորության կամ անմեղության հարցին չի անդրադառնում, զուտ արձանագրում է, որ դուք չեք առարկել, որ քրեական հետապնդումը դադարեցվի այդ հիքմով։ Հիմա Դուք նման միջնորդություն ներկայացնո՞ւմ եք,- դիմելով մեղադրյալին՝ հարցրեց դատավորը։

– Այո, կարելի է ասել։

– Այդ որոշման հետեւանքները պատկերացնո՞ւմ եք։

– Խորությամբ չէ։

– Ձեր մեղքի առումով որեւէ գնահատական դատարանը չի տալու, հետապնդումը դադարեցվելու է արարքի վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Հիմա Դուք առարկություն ունե՞ք։

– Չէ։

– Անհրաժեշտություն ունե՞ք, որ պաշտպան ներգրավվենք։

– Հարգելի՛ դատարան, ես ժամանակ չունեմ իմ առողջության հետ կապված․․․

– Դատարանը կարող է ժամանակ տրամադրել, որ պաշտպանի հետ խորհրդակցեք, եթե չունեք հնարավորություն, հանրային պաշտպան կտրամադրվի։ 

– Ոչ։

– Ձեր կամքո՞վ է այս միջնորդությունը։

– Այո, իրականում երկար կտեւի, չեմ ուզում ժողովուրդը իմ պատճառով․․․ [նկատի ունի՝ տուժողները շարունակ նեղսրտեն իր պատճառով նիստերի տեւական հետաձգման համար,-հեղ․ ]։

– Դա այլ հարց է։

– Ամեն դեպքում, ես ոչ մեղադրվում ե, ոչ արդարացվում եմ, չէ՞։

– Այո։

– Եվ չե՞ք առարկում այդ հիմքով հետապնդումը դադարեցնելու դեմ։

– Ոչ։

Կողմերի կարծիքները հարցի շուրջ տարբեր էին

Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը

Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը կարծիք հայտնեց, որ եթե մեղադրյալը դատարանի պարզաբանումներից հետո չի առարկում այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ, ապա այն ենթակա է դադարեցման օրենքի ուժով։ Միաժամանակ մեղադրողը ընդգծեց՝ այդ պարագայում ունենալու են դատական ակտ, որով հաստատված են համարվելու Էլլադա Հարությունյանին մեղսագրվող հանցանքները։

Պաշտպանական կողմը իր անհամաձայնությունը հայտնեց մեղադրողի այն ձեւակերպմանը, թե այդպիսով Հարությունյանին մեղսադրանքում նշված փաստական հանգամանքները համարվելու են հաստատված։ Զորամասի հրամանատար, մեղադրյալ Արսեն Աբգարյանի պաշտպան Դավիթ Դավիդյանը մեջբերեց Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում առ այն, որ ոչ արդարացնող հիմքով վարույթը կարճելու դեպքում փաստական հանգամանքները չեն կարող ապացույց հանդիսանալ ինչպես այդ, այնպես էլ այլ գործի շրջանակում։ Սարգիս Կուլակչյանի պաշտպան Մարտիկ Մարտիրոսյանն էլ նկատեց՝ քանի որ մեղադրյալների միջեւ շահերի հնարավոր բախման դեպքում պաշտպանի մասնակցությունը, ըստ օրենքի, պարտադիր է, միգուցե ավելի ճիշտ լինի, որ Հարությունյանը խորհրդակցի որեւէ մեկի իրավունքներով չշահագրգռված փաստաբանի հետ։

Տուժողների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը եւս նման կարծիք հայտնեց՝ նշելով, որ տպավորություն է, թե անձը մինչեւ վերջ չի գիտակցում՝ ինչ է ուզում, եւ լիարժեք չի պատկերացնում իրավական հետեւանքները։ Տուժողի իրավահաջորդ Վիտյա Ալեքսանյանն էլ նշեց՝ ինքը չի մեղադրում Էլլադային, կարծում է՝ նա ինչ-որ բանի ազդեցության ներքո գրել-ջնջել է, բայց եթե նրա նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումը հետագայում որեւէ կերպ խանգարելու է դատական նիստերին, ապա ինքը առարկում է․ «Ներողություն, բայց էս գործի մեջ ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու»,- ասաց որդեկորույս ծնողը։

Դատավորը պարզաբանեց՝ քրեական հետապնդումը դադարցնելու պարագայում ոչ մի խոչընդոտ հետագայում չի կարող լինել։ 

Լսելով այս քննարկումները՝ Էլլադա Հարությունյանը մտահոգություն հայտնեց՝ ինքը ցանկանում է հետագայում աշխատել, կարո՞ղ է իր այս որոշումը դրան խոչընդոտի։ Մեղադրյալներից ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտարարեց՝ հարցի քննարկումն այլեւս իրավաչափ չի համարում, քանի որ անձը հստակ ասում է, որ ցանկանում է հետագայում աշխատել, իսկ իրենց համար գաղտնիք չէ, որ այս որոշումը հետագայում, այո, կարող է որոշ աշխատանքների դեպքում խոչընդոտել։

«Հարգելի՛ դատարան, թող լինի էսպես․ ես կգնամ վիրահատության, կվերցնեմ հանրային պաշտպան, իմ իրավունքներւ կպարզաբանեն, նորից կգամ դատատարան, թե չէ էսպես ես ինքս ինձ վնաս եմ բերում, ես ընդհանրապես գործ չունեմ ու ոչ մի ազդեցության տակ սխալ բան չի գրվել․ որ օրը Գեւորգիկը ներկայացել է զորամաս, այդ օրը հրամանագրվել է»։

Դատարանը որոշեց դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ՝ Հարությունյանին պաշտպան տրամադրելու խնդրանքով։

Շարունակվեց վկա Ռոման Իսախանյանի հարցաքննությունը

Հաջորդիվ դատարանը շարունակեց գործով վկա, 2020 թ․ ՀՀ ՊՆ N զորամասի կապի գումարտակի հրամանատար Ռոման Իսախանյանի հարցաքննությունը։ Վերջինս 3 նիստ է՝ ներկայանում է դատարան՝ պատասխանելու կողմերի հարցերին։

Վկա Ռոման Իսախանյանը

Իր ցուցմունքում Իսախանյանը հայտնել էր, որ պատերազմի օրերին միջնորդագիր է ներկայացրել իր ենթակա զինծառայողներից մեկին ազգակցի հուղարկավորությանը մեկնելու թույլտվություն ստանալու համար։ Քիմիկների զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանի պաշտպան Դավիթ Դավիդյանը մի շարք հարցեր հղեց այս դրվագի առնչությամբ՝ փորձելով հասկանալ՝ ինչպե՞ս է, որ վկայի նկարագրված օրինակում ոչ մի հետեւանք վրա չի հասել, իսկ երբ համանման իրավիճակում իր պաշտպանյալն է եղել (հիշյալ Գեւորգ Նշանյանին զորամասը լքելու թույլտվությունը Արսեն Աբգարյանն է տվել), վերջինս մեղադրանք է առաջադրվել առանձնապես ծանր հանցանքի համար։ Նշենք, որ այս դեպքում եւս զորամասից դուրս եկած զինծառայողը վարչության պետ Վարդան Նշանյանի ազգականն է եղել։

– Արսեն Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ենթակայությամբ ծառայող ենթասպային թույլատրել է նույն հանգամանքներով նույն թաղմանը մասնակցելու համար բացակայելու զորամասից, կարո՞ղ եք ասել՝ որն է տարբերությունը․ երբ Դուք ավելի բարձր կոչում ունեցող սպայի ազատ եք արձակում, դա  իրավաչափ է, մյուս դեպքում՝ ոչ,- դիմելով վկային՝ հարցրեց պաշտպանը։

Հանրային մեղադրողը առարկեց հարցի դեմ՝ պնդելով, որ դեպքերը համանման չեն, Աբգարյանի մեղադրանքը հատվածական մեջբերվեց։

Այս դրվագի քննարկումը վրդովեցրեց մեղադրյալ Էլլադա Հարությունյանին, վերջինս հայտարարություն արեց․ «Սարգիս Կուլակչյանը եղել է շտաբի պետի պաշտոնակատար, նոր եղել  շարայինի պետը։ Ինչի՞ եմ ես պատասխան տալիս մի բանի համար, որից տեղեկացված չեմ եղել․․․ էդ նույն գիրքը վարում է շարայինի պետը, համալրման բաժանմունքի անձնական գործերով տեղակալը, երբեմն շտաբի պետը, ես իմ նոթատետրով մտնում եմ հրամանատարի մոտ, նա ասում է՝ գրիվ էսինչ բաները։ Չէ՞ որ վավերացնում են նրանք, ես ի՞նչ կապ ունեմ էս գործի հետ։ Ինչո՞ւ պիտի ես ինչ-որ հոդվածով դուրս գամ գործից (նկատի ունի՝ վաղեմության հիմքով իր հետապնդումը դադարեցնելը,-հեղ․), եթե Գեւորիկի համար իմ վրա գոռացել են, ասել են՝ դիմումդ գրի, գնա, վարձով ապրող մարդ, գրել, գնացել եմ, ի՞նչն է խնդիրը, որ էսօր ես էս դատարանում պատասխանատվություն եմ կրում կամ իմ առողջական վիճակը խնդիր է, ու ես խնդիր եմ հանդիսանում դատական նիստերի համար։ Հարգելի՛ դատարան, խնդրում եմ՝ ասեք՝ որտե՞ղ գրեմ, որտե՞ղ դիմեմ, որ ընդհանրապես կապ չունեմ»,- սրտնեղեց Հարությունյանը։

Պաշտպանական կողմը

«Դուք այն դահլիճում եք, որտեղ հենց պիտի դիմեք, եւ որտեղ էլ դիմեք, Ձեր հարցի պատասխանը տալու եմ միայն ես»,- պարզաբանեց դատավորը։

Պաշտպանի հարցը, ամեն դեպքում, չհանվեց, բայց վկան ասաց՝ համեմատության առումով ոչինչ չի կարող նշել։

Պաշտպան Դավիդյանը շարունակեց իր հարցադրումները․

– Ըստ մեղադրանքի՝ Արսեն Աբգարյանը իր վերադաս Վարդան Նշանյանին հաճոյանալու համար է նրա որդուն թույլատրել բացակայել։ Դո՞ւք էլ եք հաճոյանալու առիթ ունեցել։

– Ես հետագայում եմ իմացել, ես ի՞նչ կապ ունեմ Վարդան Նշանյանի հետ, որ պիտի աչքին երեւամ կամ չերեւամ։ Իհարկե ոչ, ով էլ լիներ, ես նույն բանը պիտի անեի։

– Ինչո՞վ է պայմանավորված դա։

– Իմ ենթականերն են, ես նրանց համար պատասխանատու եմ, չէ՞ որ ես հոգ եմ տանում նրանց մասին։

– Իսկ երբ թույլ եք տվել այդ մեկ ենթասպային բացակայել զորամասից, դա զորքի մոտ որեւէ դժգոհություն առաջացրե՞լ է։

– Ոչ։

– Բարոյահոգեբանական վիճակի փոփոխություն եղե՞լ է։

– Ոչ։

– Ծառայության բնականոն ընթացքը խաթարվե՞լ է։

– Ոչ։

Այսպիսով, վկայի հարցաքննությունն ավարտվեց։ Դատարանը տեղեկացրեց՝ Հանրային պաշտպանի գրասենյակի հետ կապ հաստատելուց հետո կքննարկի հաջորդ նիստը նշանակելու հարցը։

 

Գլխավոր լուսանկարում՝ Էլլադա Հարությունյանը

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն