Արցախում արձանագրվել է հայկական եկեղեցու հերթական վանդալիզմի դեպքը | azatutyun.am

azatutyun.am

Մինչ Երևանն ու Բաքուն հայտարարում են, որ խաղաղություն է հաստատվել, Արցախում շարունակվում են պատմամշակութային հուշարձանների վնասման, քանդման դեպքերը։ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկմամբ զբաղվող Monument watch անկախ խումբը հերթական նման դեպքն օրերս է բացահայտել. մասնագետներն արձանագրել են՝ Ադրբեջանն այս անգամ էլ վնասել է Մարտունու Սբ. Ներսես Մեծ եկեղեցին։

«Ադրբեջանական տելեգրամյան ալիքների, նաև սոցէջերի դիտարկումը ցույց տվեց, թե ինչ վիճակում է գտնվում Մարտունի քաղաքի եկեղեցին, մասնավորապես պարզ դարձավ, որ Արցախի օկուպացիայից հետո եկեղեցու պատուհանները միտումնավոր ջարդվել են։ Լուսանկարներից դա շատ լավ երևում է», – «Ազատության» հետ զրույցում ասաց մշակութաբան, Monument watch խմբի անդամ Ռուբեն Հովսեփյանը:

Մասնագետների դիտարկումը ցույց է տվել, որ եկեղեցու վրա նաև կրակահերթի թարմ հետքեր կան։ Հնագետ Հովսեփյանը նշեց՝ համեմատական ուսումնասիրությամբ պարզել են, որ պարկուճի հետքերը ոչ թե պատերազմի, այլ՝ 2023-ից հետո իրականացված վանդալիզմի հետևանք են։ Մասնագետը կասկած չունի՝ 2004 թվականին կառուցված եկեղեցին միտումնավոր է թիրախավորվել։

«Նաև եկեղեցու պատերի վրա երևում են կրակահերթի հետքեր, այսինքն՝ կրակահերթի հետքեր, որոնք նախկինում չէին ֆիքսվել, որովհետև 20 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Մարտունի քաղաքը բավականին անխնա ռմբակոծվել է, ընդ որում թիրախավորվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները ու այդ թվում նաև եկեղեցու անմիջական տարածքը, և եկեղեցին տուժել էր արկերի պայթյունից, դա երևում է հենց պատերի վրայի հետքերով։ Դրանից բացի, երևում է, որ 23 թվականից հետո պատուհաններն են ջարդվել, շրջակայքն է տուժել, ինչպես նաև կրակահերթի հետքեր են երևում», – ասաց նա:

2020-ից պատերազմից ու հետո նաև 2023-ի բռնի տեղահանումից հետո, երբ Արցախն ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, մասնագետները պարբերաբար ահազանգում են Արցախում եկեղեցիների, վանքերի, այլ պատմամշակութային ժառանգության ոչնչացման, վանդալիզմի դեպքերի մասին։ Անցած տարիներին Արցախում քանդվել են Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ՝ Կանաչ ժամ անունով հայտնի եկեղեցին, Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին, Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, հիմնահատակ վերացվել են առանձին բնակավայրեր ու թաղամասեր, ինչպես օրինակ Քարին տակ գյուղը, Ստեփանակերտի առանձին թաղամասեր:

Աշնան սկզբին Ադրբեջանը վերացրեց Արցախի արտգործնախարարության շենքը։ Ադրբեջանը վերացրել է նաև կիսանդրիներ, հայրենական ու արցախյան պատերազմներին նվիրված բազմաթիվ հուշարձաներ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն