ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը սպառնացել է զորք ուղարկել Նիգերիա, եթե Աֆրիկայի ամենաշատ բնակչություն ունեցող երկիրը չկասեցնի «իսլամիստների կողմից քրիստոնյաների սպանությունները»։ Ինչպես հայտնում է France 24-ը, գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։
ԱՄՆ նախագահը սոցիալական ցանցերում հանձնարարել է Պենտագոնին մշակել հնարավոր հարձակման պլան այն բանից հետո, երբ ուրբաթ օրը նա հայտարարել էր, թե «քրիստոնեությունը գոյաբանական վտանգի առաջ է Նիգերիայում»։
Նիգերիայում այսօր տեղի են ունենում բազմաթիվ հակամարտություններ, որի արդյունքում, ըստ փորձագետների, զոհվում են թե՛ քրիստոնյաներ, թե՛ մահմեդականներ։
«Եթե Նիգերիայի կառավարությունը շարունակի թույլ տալ քրիստոնյաների սպանությունները, ԱՄՆ-ն անմիջապես կդադարեցնի Նիգերիային տրվող բոլոր օգնությունն ու աջակցությունը և հնարավոր է՝ ներխուժի այդ այժմ անպատվության մեջ հայտնված երկիր՝ «զենքեր կրակելով», որպեսզի ամբողջությամբ ոչնչացնի այդ սարսափելի ոճրագործություններ իրականացնող իսլամիստ ահաբեկիչներին», – գրել է Թրամփը։
«Ես հրահանգում եմ մեր Պատերազմի դեպարտամենտին պատրաստվել հնարավոր գործողությունների։ Եթե հարձակվենք, այն կլինի արագ, դաժան ու քաղցր՝ ճիշտ այնպես, ինչպես ահաբեկիչ խուլիգանները հարձակվում են մեր ՍԻՐԵԼԻ քրիստոնյաների վրա», – հավելել է նա։
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն էլ իր հերթին տարածել է Թրամփի գրառումը՝ գրելով․ «Այո, պարոն նախագահ»։
«Պատերազմի դեպարտամենտը պատրաստվում է գործողությունների։ Կամ Նիգերիայի կառավարությունը կպաշտպանի քրիստոնյաներին, կամ մենք կսպանենք այդ սարսափելի հանցագործություններ կատարող իսլամիստ ահաբեկիչներին», – հայտարարել է Հեգսեթը։
Ուրբաթ օրը Թրամփը գրել էր, թե «հազարավոր քրիստոնյաներ են սպանվում, և դրա համար պատասխանատու են ծայրահեղ իսլամիստները»։
Թրամփի քաղաքական աջակիցները ակտիվորեն տարածում են նման մեղադրանքներ։
Նիգերիայի կառավարությունը, իր հերթին, մերժել է ԱՄՆ իշխանության պնդումները՝ դրանք անվանելով անհիմն հայտարարություններ «քրիստոնյաների ցեղասպանության մասին»։
Լուսանկարը՝ Սամուել Քորում/Getty Images