armenpress.am Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է 2025 թվականի սեպտեմբերին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և Ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանության դեպքին՝ նշելով, որ դա այս տարվա փետրվարին Մերձավանում տեղի ունեցած և սպանության հանգեցրած միջադեպի շարունակությունն էր։
Ներքին գործերի նախարարն այդ մասին ասել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «2026թ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների ընթացքում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին:
Նախարարը նշեց՝ դեպքի առաջին պահից ինքը եղել է Փարաքար համայնքում, Վաղարշապատի ոստիկանության բաժնում, որպեսզի պրոցեսը կազմակերպվի այնպես, որ դեպքը շատ արագ բացահայտվի:
«Ըստ այս պահին առկա նախաքննական տվյալների, ցուցմունքների, փորձարարության համադրության՝ դեպքը տեղի է ունեցել որպես փետրվարին տեղի ունեցած իրադարձության շարունակություն: Սա հստակ ֆիքսված է»,-ասաց նախարարը:
Սարգսյանը շեշտեց՝ քննարկումը, թե իբր Փարաքարում տեղի ունեցած իրադարձությունը քաղաքական մոտիվ ունի, պարզապես խոսակցություն է: «Եվ այս խոսակցությունները դառնում են ոչ փաստահեն այն պայմաններում, երբ քրեական վարույթով ունենք հստակ ապացույցներ, որով հիմնավորվում է կատարված հանցագործության մոտիվը: Դա եղել է որպես փետրվարյան իրադարձության շարունակականություն»,-ասաց նա:
Նախարարը նաև հայտնեց, որ փետրվարին տեղի ունեցած իրադարձության շրջանակներում Ոստիկանության կողմից կայուն պահակակետեր էին սահմանվել այն անձանց տների հատվածում, որոնք որպես ռիսկային էին գնահատվել Ոստիկանության ծառայության կազմակերպման տեսանկյունից: «Մի քանի ամիս շարունակ ոստիկանական կայուն հենակետեր են կազմակերպվել տեղում: Բայց մենք չենք կարող տարիներ շարունակ յուրաքանչյուր տան մոտ կանգնեցնել մի ոստիկան»,-նշեց նա:
Սարգսյանը վստահեցրեց, որ ՆԳՆ-ն շարունակում է օպերատիվ աշխատանքն այս հանցագործության առումով: Հանցագործության հիմնական կատարողը բացահայտվել է, տվել է ինքնախոստովանական ցուցմունք:
Նախարարը նշեց՝ Արմավիրի մարզում կիսամյակային ամփոփումների շրջանակում ինքը հատուկ ուշադրություն է դարձրել նրան, որ մարզում միջանձնային հարաբերությունները շարունակում են մնալ խնդրահարույց, և ոստիկանական աշխատանքը պետք է շատ ավելի ինտենսիվ լինի այս տեսանկյունից:
Սեպտեմբերի 23-ին, 23։50-ի հատվածում Մերձավանում զինված հարձակման հետևանքով սպանվել էին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Գնդակահարության հետևանքով վիրավորվել էր նաև Արծրուն Գալստյանը։
Ավելի ուշ սպանության մեջ կասկածվող անձ էր հայտնաբերվել և ձերբակալվել։ Նա փետրվարին Մերձավան բնակավայրում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ սպանված 29-ամյա Գրիգոր Օհանյանի եղբայրն է՝ Նարեկ Օհանյանը։
Ավելի ուշ ՆԳՆ-ից հայտնեցին, որ Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին էին ներկայացրել Գևորգ Հարությունյանին, որը խոստովանել էր, որ ինքն է կրակոցներ արձակել Փարաքար համայնքի ղեկավարի և 2 այլ անձանց ուղղությամբ: Գևորգ Հարությունյանը փետրվարին Մերձավանում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ սպանված Գրիգոր Օհանյանի ընկերն է։