Տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների մասով ունենք խնդիր. ՆԳ նախարար | 1lurer.am

1lurer.am  ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձավ նաև հանրությանն անհանգստացնող մեկ այլ խումբ հանցագործության ևս՝ ընդգծելով, որ այն հատկապես վերջին ժամանակահատվածում շատ է քննարկվում: Խոսքը տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների և դրա ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին է:

Նախարարի խոսքով՝ երբ մենք որոշակի ժամանակահատվածում ունենում ենք տարբեր դեպքերի ինտենսիվություն, այսինքն՝ հաճախականությունը մեկ ամսվա կտրվածքով է նկատվում, մենք իներցիայով անընդհատ խոսում ենք այդ խումբ հանցագործությունների էական աճի մասին կամ ընդհանուր հանցավորության պատկերում էական փոփոխությունների մասին:

Սարգսյանը նշեց, որ նմանատիպ դեպքերը քննարկվում են համացանցով, նաև պատգամավորներն են բարձրաձայնում այս հարցի մասին:

«Օբյեկտիվ իրականության մեջ, այո՛, տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների մասով ունենք խնդիր, բայց վիճակագրական պատկերում արձանագրվել է 1443 դեպք, ինչը 5,4 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այսինքն՝ երբ նայում ենք վիճակագրական պատկերը, նկատում ենք, որ անցած տարվա 9 ամիսների համադրությամբ ունենք տրանսպորտային միջոցներից կատարված գողության դեպքերի նվազում»,- նշեց ՆԳ նախարարը:

Նա նաև տեղեկացրեց, որ օրվա տարբեր ժամերին բակային շրջիկ ծառայությունների կազմակերպման եղանակով բացահայտվել են բազմադրվագ գողություններ կատարող 16 խումբ և շորթում կատարող 4 հանցավոր խումբ:

«Բնականաբար, այս արդյունքները գոհացուցիչ համարել անձամբ ես չեմ կարող, որովհետև, ի վերջո, շարունակում են այս  խումբ հանցագործությունները տեղի ունենալ և մտահոգել մեր հանրությանը»,- ասաց ՆԳ նախարարը՝ հայտնելով, որ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով խստացվել է քրեական պատասխանատվությունը տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողության առումով:

«Այն արդեն նախատեսված է որպես միջին ծանրության հանցանք՝ նախկինի ոչ ծանրության հանցանքի փոխարեն»,- տեղեկացրեց Արփինե Սարգսյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն