Աբովյան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է 65 հողատարածքներ ապօրինի օտարելու և փողերի լվացման մեջ. համայնքին պատճառված 261 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ քննված բազմադրվագ քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ 2008-2015 թվականների ընթացքում Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Կ. Գ.-ն ( Կարապետ Գուլոյան- խմբ․) իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և համայնքի վարչական սահմաններում գտնվող բնակավայրերի ընդհանուր օգտագործման 65 հողատարածքները, այդ թվում՝ հրապարակները, ճանապարհները, զբոսայգիները, պուրակներն ու գործառնական նշանակություններով տարածքներն ուղղակի վաճառքով կամ կեղծ աճուրդների միջոցով օտարել տարբեր ֆիզիկական անձանց, որի հետևանքով քաղաքացիները զրկվել են համայնքապատկան հողատարածքներից օգտվելու հնարավորությունից:

«Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ հիշյալ հողատարածքները օտարելու ընթացքում Կ. Գ.-ն մի շարք դեպքերում չարամտորեն խախտել է հրապարակային սակարկությունների անցկացման կարգը, ինպես նաև Աբովյանի քաղաքապետարանի պաշտոնատար անձի հետ համատեղ կատարել պաշտոնեական կեղծիքներ, մասնավորապես՝ ստորագրել և հաստատել է հողատարածքները աճուրդ վաճառքով օտարելու վերաբերյալ կազմված բազմաթիվ կեղծ արձանագրություններ: Բացի այդ, իր հետ փոխկապակցված անձանց հետ նախնական համաձայնությամբ, Կ. Գ.-ն օրինականացրել է հանցավոր գործունեության հետևանքով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքերը (հողատարածքներ)՝ ձևական գործարքների կնքմամբ դրանց նկատմամբ փաստացի ձեռք բերելով սեփականության իրավունք։

Վերը նշված հանցանքների կատարման համար Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կ. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2–րդ մասով (64 դրվագ), 308–րդ հոդվածի 1–ին մասով, 190–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին և 3–րդ կետերով (2 դրվագ), 314–րդ հոդվածի 1–ին մասով (49 դրվագ) և 196–րդ հոդվածի 1–ին մասով (8 դրվագ): Վերջինս ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքն ու ամբողջությամբ վերականգնել համայնքին պատճառված 261 մլն դրամի վնասը։

Կ.Գ.–ի նկատմամբ որպես համակցված այլընտրանքային խափանման միջոցներ են կիրառվել 40 մլն դրամի գրավն ու ՀՀ-ից բացակայելու արգելքը։

Կ. Գ.-ի ու ևս 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն