factor.am OC Media-ի ուսումնասիրած արտահոսած փաստաթղթերը բացահայտում են, թե ինչպես է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համակարգել և ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի միջազգային տարածումը։ Սա արշավ է, որը թեև ներկայացվում է որպես մարդասիրական, հայկական տարածքի նկատմամբ հնարավոր պահանջների հիմք է դնում։
Հրապարակման մեջ նշվում է, որ վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է «Արևմտյան Ադրբեջան» հասկացության շուրջ կենտրոնացած արշավ, եզրույթ, որը վերաբերում է ոչ թե իր սեփական տարածքին, այլ Հայաստանի Հանրապետության մի մասին կամ ամբողջ տարածքին։ Արշավը ներկայացվում է որպես մարդասիրական ջանք՝ Խորհրդային Միության փլուզման ժամանակ Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների «անվտանգ և արժանապատիվ վերադարձին» աջակցելու համար։
OC Media-ի կողմից ձեռք բերված Ադրբեջանի կառավարության արտահոսած փաստաթղթերը ցույց են տալիս, որ այս դիսկուրսը սերտորեն համակարգվում և աջակցվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից՝ չնայած ներկայացվում է, որ ղեկավարվում է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» կողմից։
«Ադրբեջանի կառավարությունը ձգտում է մշտապես կենդանի պահել ազգայնական եռանդը։ Այն ծառայում է որպես գործիք՝ հասարակական կարծիքը մոբիլիզացնելու և մարդկանց սոցիալական խնդիրներից ու նրանց զրկված իրավունքներից շեղելու համար։ Ավելին՝ այն գործում է որպես մի տեսակ Դամոկլյան սուր՝ Հայաստանին վախեցնելու համար»,- OC Media-ին ասել է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի հրավիրված գիտնական, Ադրբեջանի քաղաքացիական հատվածի փորձագետ Ալթայ Գոյուշովը։
Փաստաթղթերը ցույց են տալիս, որ նախագահի վարչակազմն անմիջականորեն ֆինանսավորել ու վերահսկել է արշավը՝ կազմակերպելով համաժողովներ, վարձելով հաղորդակցության խորհրդատուների և պատրաստելով հաղորդագրություններ։ Փաստաթղթերում նշված անունները, ամսաթվերն ու պայմանագրերը համապատասխանում են հանրությանը հասանելի գրառումներին:
Ջանքերի կենտրոնում է եղել 2023 թվականի դեկտեմբերի 5-6-ը Բաքվում կայացած բարձր մակարդակի միջազգային համաժողովը՝ «Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի ապահովումը. գլոբալ համատեքստ և արդար լուծում» խորագրով: Ադրբեջանի պետական միջոցները՝ ավելի քան 109,000 մանաթ (65,000 դոլար), ներառել են հյուրանոցային կեցության, տեսաձայնային արտադրության, բրենդավորման և վերադարձին աջակցող բովանդակության տարածման համար թվային հարթակի ստեղծման հարցերը:
Հյուրընկալվել են Եվրոպայից, Ասիայից և Մերձավոր Արևելքից առնվազն 34 օտարերկրյա մասնակիցներ։ Հյուրերի թվում են եղել Իտալիայի և Հունաստանի համալսարանների գիտնականներ, ռուսական հաստատությունների վերլուծաբաններ, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայացուցիչն ու նախկին խորհրդականը Դոնեցկից, որը Ռուսաստանի կողմից օկուպացված տարածք է Ուկրաինայում։ Որոշ մասնակիցներ էլ եղել են Բաքվից, այդ թվում՝ պետական կառավարվող ADA համալսարանի օտարերկրյա գիտնականներ։
Համաժողովից ընդամենը մի քանի օր առաջ կառավարության կողմից ֆինանսավորվող «Ռազմավարական հաղորդակցությունների կենտրոն» հասարակական միավորումը պայմանագիր է կնքել՝ պետության կողմից աջակցվող «Վիրտուալ Արևմտյան Ադրբեջան» պորտալի հետ Բաքվի նարատիվների բովանդակություն տեղադրելու համար։ Նրանց դերն էր՝ ապահովել, որ համաժողովի քննարկումներն ու եզրակացությունները հասնեն միջազգային լրատվամիջոցներին։
Չնայած այս ջանքերին՝ OC Media-ի կողմից հետագա վերլուծությունը որևէ հետևանք չի բացահայտել։
Տուն վերադառնալուց հետո քիչ մասնակիցներ են հրապարակավ հիշատակել համաժողովը կամ դրա թեմաները, և միջազգային լուսաբանումը շատ չի եղել։ Այնուամենայնիվ, Բաքվում պետական լրատվամիջոցները մեջբերել են մասնակիցների մեծ մասին, որոնք աջակցել են ուղերձին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում