civilnet.am Հայաստանի համար անսպասելի էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որ Ադրբեջանը հանել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով TRIPP նախագծի իրականացմանն ու տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացին նոյեմբերի 4-ին «Օրբելի ֆորում»-ի ժամանակ։
«Այն հայտարարությունը, որ հնչեց Ղազախստանում, Ադրբեջանի նախագահի այցի ընթացքում։ Ըստ էության, մեզ համար անսպասելի էր, և սա այն դեպքերից էր, երբ Ադրբեջանից հնչում է անսպասելի, բայց շատ դրական հայտարարություն»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը հայտնեց, որ այդ որոշումը նախապես այդ ծավալով Հայաստանի հետ քննարկված չի եղել, թեև կար ըմբռնում, համաձայնություն, որ մի գնացք կգա։
Նա նշեց, որ այս դրական քայլը ցույց է տալիս, որ «բալանսի փոփոխության շատ էական հնարավորություններ կան, առնվազն այդ վիճակագրությունը սկսել է փոխվել»։
Անդրադառնալով TRIPP նախագծին, վարչապետը հայտարարեց, որ ներկայումս շատ ակտիվ աշխատանքներ են տարվում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս արագ իրականանա TRIPP նախագիծը։ Նա ընդգծել է այդ նախագծի կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար, քանի որ, ըստ Փաշինյանի, այն բերելու է եկամուտներ երկրներին, տնտեսական զարգացում, անվտանգություն և կայունություն։
Վարչապետը նաև շեշտեց, որ անվտանգության և կայունության գործոններում կարևորում է փոխկապվածության գործոնը որպես անվտանգության և կայունության և խաղաղության երաշխիք։
Վարչապետ Փաշինյանը համոզված է, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը՝ համաձայն օգոստոսի 8-ի հռչակագրի, այն կարևորագույն գործոնն է, որը «խաղաղությանը տալու է գործնական տեսք»։
Հիշատակելով՝ Ղազախստանից Ադրբեջանի տարածքով՝ Հայաստան ցորենի ներկրման պայմանավորվածությունը, Փաշինյանը նշեց, որ կոմունիկացիաների բացման գործընթացն արդեն ընթացքի մեջ է։
«Ես իհարկե չգիտեմ, թե այդ գնացքը Ղազախստանից ուր է հասել, բայց գիտեմ որ առաջիկա օրերին արդեն կհասնի Ադրբեջան, հետո Վրաստան, հետո Հայաստան»,- ասաց Փաշինյանը։
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 21-ին հայտնել է, որ շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։