Այսօր քննարկվելու է 3-ամյա Տիգրանի եղբայրների և քույրերի հետագա խնամքի կազմակերպման հարցը | news.am

news.am Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ այսօր խնամակալության և հոգաբարձության մարմնի հրատապ նիստ է հրավիրվել. քննարկվելու են 3-ամյա Տիգրանի ընտանիքին առնչվող հարցեր՝ այդ թվում նաև երեխաների հետագա խնամքի կազմակերպման հարցը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը։

«Նիստին կմասնակցեն երեխաների պաշտպանությամբ զբաղվող բոլոր կազմակերպությունների, դպրոցի, ոստիկանության, միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչները։ Այսինքն նիստին կմասնակցեն բոլոր այն կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք շփվել են այդ ընտանիքի հետ և տեղյակ են իրավիճակին։ Բազմաթիվ հարցեր են քննարկվելու ընտանիքին առնչվող, երեխաների հետագա ճակատագրի հետ կապված։ Այսօր առաջին անգամ նման լայնածավալ քննարկում ենք կազմակերպում։ Այսօր երեխաների հետագա խնամքի հարցը պետք է լուծենք»,- ասաց Մամիկոն Գալոյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ից որպես անհայտ կորած որոնվում էր Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանը։ Փրկարարները երեխայի մարմինը հայտնաբերել են նոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտնել է, որ նախնական տվյալներով, երեխայի հայրն է խեղդամահ անելու ճանապարհով սպանել փոքրիկին: 3-ամյա որդուն սպանելու մեջ մեղադրվող Արմեն Օվանեսովը կալանավորվել է երկու ամսով։

ՔԿ-ից հայտնել էին, որ երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն: Դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն