news.am Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը ԱԳՆ է կանչել Ռուսաստանի դեսպանին այն բանից հետո, երբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Իտալիան «կփլուզվի», եթե շարունակի աջակցել Ուկրաինային։
Հռոմում Կոնտի աշտարակի փլուզումից հետո Զախարովան իր Telegram-ի էջում բոլորին հիշեցրել է, որ Իտալիան միլիարդավոր եվրոներ է ծախսում Ուկրաինային և ուկրաինացի փախստականներին աջակցելու համար և գրել է, որ «քանի դեռ Իտալիայի կառավարությունը անիմաստ վատնում է իր հարկատուների փողերը, Իտալիան լիովին կփլուզվի՝ տնտեսությունից մինչև աշտարակներ»։
Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանին Զախարովայի խոսքերը որակել է «գռեհիկ» և «քաղաքակիրթ երկրում անընդունելի»։
«Երբ ողբերգություն է տեղի ունենում, չի կարելի շահարկել փլատակների տակ մնացած մարդկանց և տուժած աշխատողների հաշվին։ Մենք երբեք այդպես չենք վարվել, երբ ողբերգություններ են տեղի ունեցել Ռուսաստանում, մենք միշտ համերաշխություն ենք հայտնել», – ասել է նախարարը։
Հռոմի Կոնտի աշտարակը մասնակիորեն փլուզվել է նոյեմբերի 3-ի ցերեկը։ Կառույցը վերանորոգման մեջ է և միջադեպի պահին աշտարակում եղել է չորս աշխատող։ Նրանցից մեկը մնացել է փլատակների տակ և փրկարարները նրան կարողացել են այնտեղից հանել միայն մի քանի ժամ անց։ Ավելի ուշ աշխատողը մահացել է հիվանդանոցում։