Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը այսօր հայտնեց, որ այնքան էլ հաշտ չէ «Շողակաթի» վերաբերյալ Ազգային ժողովի ընդունած նախագծի հետ․
«Իմ կարծիքով կարելի էր խնդիրը լուծելու շատ ավելի արդյունավետ եղանակ գտնել, որպեսզի «Շողակաթը» ծառայեր հասարակությանը, քանի որ, ի վերջո, դա հասարակական հեռարձակողների ալիքներից մեկն է»։
Հակոբյանի խոսքով, սակայն, այն, ինչ «Շողակաթն» ուներ, որևէ կերպ իրավականորեն ամրագրված չէր․ «20 տարի այն գործում էր գրեթե անօրեն պայմաններում։ Մոտ երկու տարի առաջ նամակ ենք ուղարկել Հանրային հեռարձակողին՝ տեղեկացնելով, որ «Շողակաթը», լինելով կրթական, մշակութային ալիք, չի կատարում օրենքով ստանձնած պարտավորությունները։
«Շողակաթը» կրթական, մշակութային չէր։ Կրթական հաղորդումներ գրեթե չկային, և ավելի շատ կղերական, հոգևոր հաղորդումներ էր սփռում։ Եթե մենք խոսում ենք հանրության անունից և առաջնորդվում մշտադիտարկման արդյունքներով, ապա հանրությունն այդ ալիքը գրեթե չէր նայում, ցավոք։ Այն առաքելությունը, որը պետք է իրականացներ «Շողակաթը», չէր կատարում։ Կրթական ալիքը չի կարող հեռարձակել շատ հաճախ մի քահանայի ճառեր, որոնք ավելի շատ միջնադարյան, խավարամիտ մարդու բովանդակություն են, ոչ թե կրթական ալիքին հարիր կոնտենտ», – նշել է Հակոբյանը։