44-օրյա պատերազմի ժամանակ Կուբաթլուի զորամասի հրամանատարի տեղակալ-թիկունքի պետ Հայկ Վանյանի խոսքով՝ 2020 թ․ հոկտեմբերի 5-ին հակառակորդը կարողացել է ճեղքել Ջրականի շրջանում իրենց պաշտպանության ներքո գտնվող բնագիծն ու իրենց գցել շրջափակման մեջ, քանի որ փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանն իր զորքով ինքնագլուխ նահանջել է։
Այս մասին Վանյանը հայտարարեց դատարանում, ուր ներկայացել էր՝ Գաբրիելյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակում ցուցմունք տալու։
Ըստ գործի նյութերի՝ Հովիկ Գաբրիելյանն այդ նահանջը իրականացրել է առանց վերադաս հրամանատարների գիտության եւ թույլտվության, ինչի հետեւանքով իրենց աջ կողմում գտնվող յուրային ստորաբաժանումներն ընկել են շրջափակման մեջ՝ կրելով մարդկային եւ նյութական կորուստներ։
Յուրային ստորաբաժանումներից մեկի կազմում էլ եղել է հենց Հայկ Վանյանը։
Փոխգնդապետ Գաբրիելյանը, սակայն, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, պնդում է՝ ճիշտ հակառակն է տեղի ունեցել․ Վանյանի զորքը դեռ հոկտեմբերի 4-ի նահանջով է թուլացրել ճակատը։
Ըստ վկայի՝ ռադիոկապով զրույցից է տեղեկացել, որ հակառակորդը Գաբրիելյանի բաց թողած տեղանքով է մտել թիկունք
Վկա Հայկ Վանյանը պատմեց, որ նշված բնագիծը գտնվել է «միլիցու պոստ» կոչվող տեղանքին հարակից հատվածում․ դեպի աջ եղել է «Սպիտակ տներ» կոչվող տեղանքը, դեպի ձախ՝ Ջրականի զորամասը։
Նրա խոսքով՝ այդտեղ են տեղակայվել հոկտեմբերի 4-ին, երբ հակառակորդի հերթական գրոհից հետո ստիպված են եղել Սամվելավանից նահանջել մոտ 3 կմ․ «Այդտեղ կեսօրից հետո հակառակորդը կատարել է տանկային հարձակում, մոտ 2-3 ժամ կռիվ տալուց հետո նահանջ է կատարել։ Այդ կռվի ժամանակ կորուստներ չենք ունեցել։ Նորմալ եղանակ էր, նենց չէր, որ արեւ էր, բայց ոչ մառախուղ էր, ոչ անձրեւ, հոկտեմբերի 5-ի առավոտյան արդեն մառախուղ էր, գիշերը անձրեւ էր եկել, առավոտվա կողմ՝ դադարել»։
Պաշտպանի հարցին, թե որն է եղել իրենց՝ 3 կմ հետ գալու նպատակը, եւ արդյոք մնալու դեպքում պաշտպանություն իրականացնելու խնդիր կլիներ, վկան դժվարացավ հստակ պատասխանել, նշեց՝ իր կարծիքով՝ այդ որոշումն ընդունվել է ավելի բարենպաստ դիրքեր զբաղեցնելու համար։ Հարցին՝ նրանց հետ քաշվելուց հետո Գաբրիելյանի զորքը ավելի առաջ էր թե իրենց հավասար, վկան դարձյալ դժվարացավ պատասխանել․ «Չեմ կարող հստակ հիշել, գիտեմ, որ մեզնից ձախ էր, բայց առաջն ու հետը չեմ կարող հստակեցնել»։
Վկա Վանյանի ցուցմունքի համաձայն՝ հոկտեմբերի 5-ի դասավորվածությունը եղել է հետեւյալ կերպ․ իրենցից ձախ գտնվել է հատուկ նշանակության ջոկատը՝ Վահագն Ասատրյանի գլխավորությամբ, նրանցից էլ ձախ՝ Հովիկ Գաբրիելյանի գումարտակը։ Աջ կողմում տեղակայված է եղել մոբ-ը։

Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը խնդրեց մանրամասնել, թե երբ եւ ինչ պայմաններում է տեղի ունեցել հոկտեմբերի 5-ի գրոհը․ «Առավոտյան՝ 9-ի կողմերը, դիտորդները ասացին, որ ձորակի կողմից ձայներ են լսում, սպա ունեինք՝ ավտոծառայության պետը, ինքը Գեւորգյան Հակոբի հետ առաջացավ, ու դրան զուգահեռ կրակոցները սկսվել են, մոտիկ կռվի մեջ ենք մտել․․․ Տեւել մինչեւ կեսօրի 3-ի կողմերը կամ մի քիչ ավելի»։
Վկան մանրամասնեց, որ հենց այդ առավոտյան ռադիոկապով խոսակցություն է լսել իր հրամանատարի՝ Համլետ Լեւոնյանի եւ ըստ ամենայնի, կորպուսի հրամանատարի միջեւ․ «Հակառկաորդի կողմից հայտնվել ենք շրջափակման մեջ, հրամանատարը կապի միջոցով խոսելիս է եղել, իմ կարծիքով, կորպուսի հրամանատարի հետ, էդ ժամանակ հայտնել է, որ մեզնից ձախ գտնվող զորախումբը, որը հենց Գաբրիելյանի զորամասն է, դուրս է եկել բնագծից եւ տեղափոխվել Հադրութ։ Դրա հետեւանքով հակառակորդը էդտեղով մտել է թիկունք, մեր զորախումբը եւ Վահագն Ասատրյանի զորախումբը հայտնվել են շրջափակման մեջ․․․ Հասել էր մի պահ, որ արդեն զինամթերքն էլ էր ավարտվում, եւ եթե Մեղրու գունդը օգնության չհասներ, կմնայինք, կզոհվենք»,- ասաց վկան՝ նշելով, որ ունեցել են զոհեր, վիրավորներ, նաեւ զինտեխնիկայի կորուստ։
Վկան չբացառեց, որ Գաբրիելյանը հայտնել է իր նահանջի մասին այլ խոսակցության ժամանակ այլ վերադասի
Մեղադրողի հարցին՝ կորպուսի հրամանատարի հետ խոսակցությունից ի՞նչ տպավորություն է ստացել վկան, նրանք տեղյա՞կ էին այդ մասին, նրանց թույլտվությա՞մբ էր այդ նահանջը թե ոչ։ Ի պատասծան վկան ասաց․ «Չէ, նենց էր, որ իրենց գիտությամբ չի եղել, ինքնագլուխ էին դուրս եկել։ Լսել եմ՝ էստեղից էլ են կրակում, ասել են՝ էդտեղ էլ մերոնք չեն, էդ թեւում՝ ձախ ու թիկունք, շրջափակման մեջ եք գտնվում, հակառակորդը թիկունք էր մտել»։
Հովիկ Գաբրիելյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը հետաքրքրվեց՝ վկան մշտապես հրամանատարի կողքի՞ն է եղել թե՞ բացակայել է։ Վկան հայտնեց՝ բացակայել է․
– Հնարավո՞ր է, որ Ձեր բացակայության պահին Համլետ Լեւոնյանը ռադիոկապով այլ խոսակցություն ունենած լինի։
– Այո, միշտ նրա կողքին չեմ եղել։
– Ձեր տպավորությունը ինչպիսի՞ն էր՝ ժիրայր Պողոսյա՞նը տեղյակ չի եղել թե՞ հրամատարական ողջ կազմը։
– Պողոսյանը, որովհետեւ նա էր խոսում։
– Հնարավո՞ր է՝ նրանից բացի կորպուսի շտաբի պետը տեղյակ լիներ, բայց դրա մասին Դուք կամ Պողոսյանը չտեղեկանայիք։
– Չեմ կարող ասել, բայց դե, եթե կապի միջոցով է ցուցում եղել, պիտի որ բոլորը լսած լինեն դրա մասին։
– Տեսեք, պարոն Վանյան, Ձեզնից առաջ հարցաքննված վկաները՝ Հովիկ Գաբրիելյանի տեղակալներից Կոլյա Դավթյանը, Հրաչյա Ղազարյանը, դատարանում ցուցմունք են տվել, որ Գաբրիելյանը զեկուցել է շտաբի պետին, հարցս հետեւյալն է․ հնարավո՞ր է Ձեր բացակայության ժամանակ հնչած լինի նման խոսակցություն, եւ Դուք տեղեկացված չլինեք։
– Հնարավոր է։

Այս համատեքստում դատավորը տեղեկացրեց, որ Հովիկ Գաբրիելյանը դատարանում նշել է, որ նահանջելուց առաջ կորպուսի շտաբի պետ, երջանկահիշատակ Գաբրիելյանին զեկուցել է, որ մնալը վտանգավոր է, այլեւս չի կարող, եւ խնդրել է իրեն օգնական ուժեր ուղարկել։ Ըստ նրա հայտարարության՝ շտաբի պետը ասել է՝ ինչ ուզում եք, արեք, օգնական ուժեր չեն գալու։ Ստեղծված իրավիճակում այլ ելք չունենալով՝ նահանջի հրաման է տվել։ Վկան, սակայն, նշեց, որ սրա մասին որեւէ տեղեկություն չունի։
Պաշտպանը շարունակեց հարցաքննությունը․
– Ումի՞ց եք լսել, որ Հովիկ Գաբրիելյանի դուրս գալու հետեւանքով են այդ վնասները վրա հասել։
– Լսել եմ իմ հրամանատարից։
– Իսկ ձեր տպավորությունը ինչպիսի՞ն է։
– Իմն էլ նույնն էր, որովհետեւ մոբը իր տեղում էր, ձախ թեւի հարեւանը իր տեղում էր, տպավորությունը ինքնըստինքյան տենց է ստացվում։
Պաշտպան Վրեժ Խաչիկյանը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ թշնամու զորքը ոչ թե Հովիկ Գաբրիելյանի տեղակայված վայրից է ճեղքել, այլ շատ ավելի ձախ հատվածից, քանի որ շատ այլ վկաներ ցուցմունք են տվել, որ դեպի Արալեռ հատվածը եղել է բաց։ Հանրային մեղադրողն առարկեց հարցի դեմ։ Հարցը չհանվեց, այնուհանդերձ վկան նշեց՝ չի տիրապետում այդ հատվածում իրավիճակին, բայց ռազմական տեսանկյունից կարող է ասել՝ հակառակորդը չի գա երկար ճանապարհով, եթե կա կարճ ճանապարհ։
Խաչիկյանը դարձյալ հարց հնչեցրեց՝ վկայի տեղեկություններով՝ թշնամու բնագիծը ամբողջ երկայնքով էր թե ավարտվում էր Հովիկ Գաբրիելյանի առջեւով։ Վկան պատասխանեց․ «Ես միայն իմ ճակատային մասի համար եմ պատասխանատու, իմ դիմաց եղել է հակառակորդ։ Թե պարոն Գաբրիելյանի դիմաց եղել է թե ոչ, չեմ կարող ասել»։
– Բա եթե տեղյակ չեք, որտեղի՞ց եք ենթադրում, որ երկար ճանապարհ չէր անցնի, այլ կգար Հովիկ Գաբրիելյանի տեղանքով կանցներ։
Նախագահող դատավորը վերաձեւակերպեց հարցը․
– Հարգելի՛ վկա, տեսեք․ մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը չի հերքում, որ նահանջել է, ազնվորեն ասում է՝ դրա համար պատճառներ են եղել, եւ ինքը փրկել է իր զորքի կյանքը, հակառակ դեպքում շրջափակման մեջ էր ընկնելու եւ կոտորվելու։ Այո, հիմա էլ են եղել զոհեր, բայց հիմա փորձում ենք պարզել՝ դա նրա գործողությունների հետեւանքով է թե ոչ։ Հետեւաբար պաշտպանության կողմի համար շատ կարեւոր է պարզել՝ հակառակորդը յուրային զորքերին շրջափակման մեջ է գցել Գաբրիելյանի ղեկավարած զորքի տեղանքով թե ոչ։ Ես ինքս էլ ցանկանում եմ այդ հարցի պատասխանը ստանալ։ Որտեղի՞ց էդ վստահությունը եւ պնդումը եւ խոսույթը, որ հակառակորդը հայկական բնագիծը ճեղքել է եւ շրջափակման մեջ է գցել եւ առաջխաղացում է ունեցել հենց այն հատվածից, որտեղ մինչ նահանջը գտնվել է Գաբրիելյանի զորքը։ Իսկ միգուցե նրանից ավելի ձախ ընկած հատվածի՞ց է ճեղքում իրականացրել։
– Ասել եմ, հիմա էլ եմ ասում, ինֆորմացիան, թե որտեղից է ճեղքել, լսել եմ հեռախոսակապի միջոցով, իմ վստահությունը էդտեղից է, ես ճեղքման բնագծում չեմ եղել։
– Իսկ ձեր կարծիքը ինչպիսի՞ն է, Դուք նշեցիք, որ Ձեր տպավորությունն էլ է նույնը եղել։
– Իմ կարծիքով՝ հակառակորդին նպատակահարմար չէր լինի այդքան լայն շրջանցում կատարել մեր ձախ թեւից։
Մեղադրյալը հարց հնչեցրեց՝ ո՞վ է պատասխանատու, որ հոկտեմբերի 5-ի կռվի ժամանակ տանկիստները տանկերում չեն գտնվել

Վրեժ Խաչիկյանը հետաքրքրվեց, թե հոկտեմբերի 4-ին ինչ տեխնիկայով է զինված եղել վկայի ստորաբաժանումը։ Վկան մտաբերեց՝ ունեցել են 18 տանկ, 11 БМП:
– Իսկ տեղեկացվա՞ծ եք՝ Գաբրիելյանի ստորաբաժանումը տանկեր ունե՞ր։
– Սեպտեմբերի 27-ի դրությամբ՝ այո, բայց հոկտեմբերի 3-4-ին չեմ կարող ասել, չեմ տեսել։
– Ես տեղեկացնեմ, որ բոլոր վկաների, այդ թվում՝ կորպուսի հրամանատար Ժիրայր Պողոսյանի ցուցմունքի համաձայն՝ Գաբրիելյանը, լինելով զրահատանկային գումարտակ, տանկեր չի ունեցել, ունեցել է մի քանի БМП: Այդ պայմաններում եթե տանկային գրոհ կազմակերպվեր, Գաբրիելյանի գումարտակը կարո՞ղ էր առանց տանկերի դիմակայել։
– Ես չեմ կարող ասել՝ իր գումարտակը ինչ կաներ, հակառակը կարող եմ ասել․ ամսի 5-ի հարձակման ժամանակ մենք չենք օգտագործել ոչ մի զրահատեխնիկա եւ ոչ մի ականանետային մարտկոց, ունեցել ենք միայն հրաձգային միջոցներով կռիվ եւ ունեցել ենք հաջողություն։
– Նախորդ հարցաքննության ժամանակ Համլետ Լեւոնյանն ասել է, որ իր ստորաբաժանման զինծառայողները տանկերի մեջ չեն գտնվել, չնայած զինվորական կանոնադրության համաձայն՝ պետք է ներսում գտնվեին։ Ո՞րն է եղել պատճառը, որ տանկերով չեք դիմակայել, զինվորները չե՞ն հասցրել մտնել տանկերի մեջ թե՞ Համլետ Լեւոնյանը հրաման չի տվել։
Հանրային մեղադրողն առարկեց հարցի դեմ՝ նշելով, որ հոկտեմբերի 5-ին Համլետ Լեւոնյանի գործողությունները կապ չունեն սույն քրեական գործի առարկայի հետ։ Հարցը, այնուամենայնիվ, չհանվեց։
– Իմ իմանալով՝ պիտի գտնվեին տանկի մեջ, բայց հաշվի առնելով, որ ԱԹՍ-ի հարձակման վտանգը շատ մեծ էր, գտնվել են մոտ տարածքում։ Նույն պատերազմի ժամանակ փորձը ցույց է տվել, որ մարդիկ, գտնվելով տանկի մեջ, պարզապես զոհ են գնացել՝ առանց մարտի բռնվելու,- պատասխանեց վկան։

Այս դրվագի վերաբերյալ վկային հարցեր հղեց նաեւ մեղադրյալը․
– Դուք Ձեր ցուցմունքում նշեցիք, որ շատ մոտիկ մարտ եք վարել։ Ես ճի՞շտ եմ հասկանում, որ այդ իրավիճակում տանկիստները տանկի մեջ չեն մտել եւ մարտական գործողություն տանկերով չեն իրականցրել։
– Այո։
– Եվ ո՞նց եք մտածում՝ դրա համար ո՞վ է պատասխանատու։
– Կարճ տարածության վրա տանկի նշանառու օպերատրոը կարո՞ղ է կռվի բռնվել пехот-ի դեմ,- հարցին հարցով պատասխանեց վկան։
Նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանը պարզաբանեց՝ վկան չի կարող հարց ուղղել մեղադրյալին, կարող է միայն հռետորական հարց հնչեցնել։
– Հարգելի՛ վկա, հակառակորդը մոտեցել է Ձեզ, բռնվել եք մարտի մինչեւ 500 մ հեռավորությունից, եւ հրաման չի եղել, որ տանկիստները նստեն տանկերի մեջ, ռմբակոծեն, ոչնչացնեն, հակառակորդին բնագծից լարեն։ Եվ տվյալ պահին, ըստ հրամանատարի ցուցմունքի, եղել է 10-ից ավելի զոհ եւ դրսում։ Հիմա դրա պատասխանատուն ո՞վ է,- դարձյալ հարցրեց մեղադրյալը։
– Պարոն Գաբրիելյան, պատասխանատուն մի քիչ հարաբերական է ասված, իսկ թե ինչու տանկերում չեն գտնվել, կարծում եմ՝ իրադրությունը ճիշտ գնահատել է զորամասի հրամանատարը եւ ստեղծված իրավիճակից ելնելով՝ տվել է իր ցուցումները։ Ուրեմն՝ նպատակահարմար չի եղել տանկով մարտի բռնվելը,- պատասխանեց վկան։
Վկայի հարցաքննությունից հետո մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը հայտարարություն արեց՝ դատարանի ուշադրությունը հրավիրելով նրան, որ վկայի ստորաբաժանումը, ունենալով այդքան տեխնիկա, 3 կմ նահանջել է, դրանով իսկ իրեն թողել է մենակ եւ բացել իր աջ թեւը․ «Ուզում եմ նշել, որ ամսի 4-ին, երբ հակառակորդը հարձակվել է 17։00-ի սահմաններում, եւ իրենք, այդքան տեխիկա ունենալով, հետ են գնացել, ես, ունենալով 7 հատ հմմ-ով, առանց հրետանային որեւէ միջոցի․․․ Իրենք բացել են իմ աջ թեւը, ինձ թողել են մենակ, ես գծից վերջինն եմ դուրս եկել․․․ [Ամսի 5-ին] մի ստորաբաժանում ունենա 20 տանկ, 11 БМП, ու մի հոգի չնստի՞, հակառակորդին խոցի, ու էսօր ասի՝ ես եմ ճակատ բացել․․․ Պիտի էլի իրավիճակը էստեղ պարզ լինի, ես խնդրում եմ դա հաշվի առնել։ Էդ տանկերից գոնե 2-ը ես ունենայի, երդվում եմ՝ էդ տանկերը․․․ Չգիտեմ, եթե անօդաչուով խփեին․․․ Կաշխատեին մինչեւ վառվել»,- նշեց նա։
Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 13-ին։