Քննարկվել են հայ-վրացական սահմանային անցակետերի առավել հարմար մոդելի ներդրման հնարավորություններին առնչվող հարցեր

ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ համատեղ իրականացվող հայ-վրացական սահմանային անցակետերի արդիականացման և համատեղ օգտագործման սահմանային անցակետերի ներդրման ծրագրի շրջանակում սույն թվականի հոկտեմբերի 30-ին Թբիլիսիում մասնակցել է «Բագրատաշեն-Սադախլո», «Այրում-Սադախլո», «Գոգավան-Գուգուտի» և «Բավրա-Նինոծմինդա» ցամաքային մաքսային կետերի համատեղ օգտագործման մասին» համաձայնագրի ներքո ստեղծված հայ-վրացական Համատեղ աշխատանքային խմբի՝ մաքսային և սահմանապահ մարմինների ներկայացուցիչների միջև կայացած երկրորդ աշխատաժողովին, որը կազմակերպվել էր ԱԶԲ աջակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացմանն առնչվող մի շարք առանցքային հարցեր, մասնավորապես, համատեղ օգտագործման սահմանային անցակետ(եր)ի ներդրման առավել հարմար մոդելի և դրա հնարավոր տարատեսակների, հայ-վրացական անցակետերի աշխարհագրական դիրքի, ենթակառուցվածքային հնարավորությունների և գործող օրենսդրական կարգավորումների պայմաններում դրանց ներդրման ռեալ հնարավորությունների, գործարկման առանձնահատկությունների և մեխանիզմների, ինչպես նաև գործող ընթացակարգերի ներդաշնակեցմանն ուղղված անհրաժեշտ քայլերի հետ կապված հարցեր։

Հանդիպման ընթացքում ԱԶԲ կողմից ներկայացվել է մեծածավալ վերլուծություն, մասնավորապես, «Միասնական կամ ընդհանուր հարմարություններով» մոդելի և դրա ենթատեսակների ընդհանուր նկարագիրը և ներդրման հայեցակարգը, այդ թվում՝ ինժեներատեխնիկական նախագիծը, սահմանային համատեղ հսկողության անցակետի ներդրման գործողությունների ծրագիրը և ժամանակացույցը, համատեղ հսկողության մոդելի կիրառման համար ընտրված անցման կետի շահագործման հիմնական սկզբունքները։

Քննարկվել է հատկապես «Մեկ պատուհան» սկզբունքի կիրառման, ինտեգրված տեղեկատվական համակարգերի գործարկման, ժամանակակից չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների, ընդհանուր շինության և համատեղ հսկողության գոտու ստեղծման, ինչպես նաև սահմանային հսկողության մարմինների կողմից համակցված հսկողական գործառնությունների իրականացման միջոցով սահմանահատման գործընթացների պարզեցման հնարավորությունների ստեղծման հետ կապված հարցերի լայն շրջանակ, որոնց արդյունքում զգալիորեն կպարզեցվեն և կբարելավվեն հայ-վրացական սահմաններով ուղևորների և բեռների տեղափոխման ընթացակարգերը։

Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել եռակողմ աշխատանքները՝ համատեղ օգտագործման անցակետի՝ կողմերի համար առավել ընդունելի մոդելի հաստատման, անցակետի ներդրման հայեցակարգի մշակման, գործող օրենսդրական կարգավորումների և կիրառվող հսկողական գործառնությունների վերլուծության, ինչպես նաև սահմանահատման գործընթացների պարզեցման, ներդաշնակեցման ու համատեղման ուղղությամբ։ Ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն`  համապատասխան միջազգային պայմանագրի մշակման ուղղությամբ` համատեղ օգտագործման անցակետի ներդրման համար անհրաժեշտ բոլոր սկզբունքների և ընթացակարգերի սահմանման նպատակով:

Հանդիպման վերջում կողմերը գոհունակություն են հայտնել ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունավետության առնչությամբ՝ արձանագրելով փոխգործունեության հետագա անհրաժեշտ ուղղությունները։

Հիշեցնենք, որ նշված ծրագրի շրջանակում Հայաստանի և Վրաստանի մաքսային և սահմանապահ հսկողություն իրականացնող մարմինների, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների միջև առաջին աշխատաժողովը տեղի է ունեցել Երևանում՝ սույն թվականի հուլիսի 24-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն