Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը հանդես է եկել հայտարարությամբ։
«Կյանքում ու հատկապես ֆուտբոլում լինում են պահեր, երբ դժվար է մի վայրկյանում ճիշտ որոշում կայացնել: Ցավոք, իմ վեջին խաղում, տրվելով էմոցիաներին, սխալվեցի:
Շատ եմ ափսոսում, որ առաջիկա կարևոր խաղերում չեմ կարողանալու լինել խաղադաշտում և օգնելու թիմակիցներիս։ Մեր ազգային թիմը միշտ պայքարում է մինչև վերջ և վստահ եմ՝ տղաներն ամեն ինչ կանեն ամբողջ սրտով ու ամբողջ ուժով:
Շնորհակալ եմ մեր գլխավոր մարզիչին, թիմակիցներիս ու մեր հավաքականի երկրպագուներին՝ աջակցության, վստահության ու այն ջերմության համար, որը զգում եմ անգամ այս դժվար պահին։ Դա շատ մեծ ուժ է տալիս ինձ։ Այսօր առանձնապես գնահատում եմ մեր թիմի միասնությունը։ Մեր թիմում ձևավորվել է առողջ ու միավորված միջավայր, որտեղ նման դժվարություններն անցնելն ավելի հեշտ է։ Ես միշտ ձեր կողքին եմ՝ նույնիսկ դաշտից դուրս»,- Տիգրան Բարսեղյանի հայտարարությունը փոխանցում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Իռլանդիայի հավաքականի դեմ 2026թ․ աշխարհի առաջնության ընտրական փուլի նախորդ տուրի հանդիպման 52-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը կարմիր քարտ էր ստացել մրցակցի ֆուտբոլիստին գլխով հարվածելու համար։ Դուբլինում կայացած խաղում Հայաստանի հավաքականը պարտվել էր նվազագույն հաշվով։