factor.am Թուրքիան Եվրամիության հիմնական գործընկեր է և անդամակցության թեկնածու երկիր։ Այս մասին ասվում է ԵՄ ընդլայնման քաղաքականության մասով 2025 թվականի Թուրքիայի վերաբերյալ զեկույցում։ 2025 թվականի նոյեմբերի 4-ին Եվրահանձնաժողովն ընդունել է ընդլայնման փաթեթը, որը մանրամասն գնահատական է տալիս Արևմտյան Բալկանների, Թուրքիայի, Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի կողմից Եվրոպական Միությանն անդամակցելու ճանապարհին արձանագրված առաջընթացին և իրավիճակին։
Նշվում է, որ Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները մնացել են փակուղում 2018 թվականից ի վեր, ինչի մասին վկայում են Խորհրդի 2024 թվականի դեկտեմբերի եզրակացությունները։
Միաժամանակ, զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Թուրքիայի ազգային փոքրամասնություններին, այդ թվում՝ հայ համայնքին։ Նշվում է, որ փոքրամասնություններին պատկանող անձանց պաշտպանության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը թերի է, և փոքրամասնություններին պատկանող անձինք բախվում են ատելության ու խտրականության։
Ատելության հանցագործությունների վերաբերյալ օրենսդրությունը դեռևս չի համապատասխանում եվրոպական չափանիշներին և մնում է լուրջ խնդիր։ Ատելության խոսքը և ատելության հանցագործությունները շարունակվել են, որոնց հիմնական թիրախներն են եղել սիրիացիները, հույները, հայերը, հրեաները և ալևիները։
Ընդհանուր առմամբ, փոքրամասնության համայնքներին պատկանող անձինք շարունակել են բախվել դժվարությունների, ինչպիսիք են իրենց կրոնական հաստատությունների համար իրավական կարգավիճակի բացակայությունը, փոքրամասնությունների լեզուների պաշտպանությունը, դպրոցական աջակցությունը, հոգևորականների վերապատրաստումը, փոքրամասնությունների լեզուներով լրատվամիջոցներին հասանելիությունը։ Ոչ մի քայլ չի ձեռնարկվել դպրոցական դասագրքերը վերանայելու և խտրական ու նսեմացնող հղումները վերացնելու համար։ Փոքրամասնությունների դպրոցները պետական միջոցներ չեն ստացել։
«Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ միջոցառումներն արգելվել են 2025 թվականի ապրիլին։ Հայ լրագրող Հրանտ Դինքի սպանությանը ներգրավված պետական պաշտոնյաների վերաքննիչ դատավարության վերաբերյալ դատական գործն ավարտվել է 2025 թվականի փետրվարին, սակայն Դինքի ընտանիքը բողոքարկել է որոշումը՝ «անավարտ քննության և քրեական հետապնդման» հիմքով»,- ասվում է զեկույցում։
Ընդգծվում է նաև, որ չկան մեխանիզմներ փոքրամասնություններին պատկանող անձանց որոշումների կայացման գործընթացում ներգրավելու և պետական կառավարման մեջ նրանց բավարար ներկայացվածությունն ապահովելու համար։ Փոքրամասնությունները լրջորեն թերներկայացված են քաղաքական կյանքում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում