Միրզոյանը կարևոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների շփումները | armenpress.am

armenpress.am Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը խաղաղության համար կարևոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների շփումներն ակտիվացնելը:

Այս մասին Միրզոյանը նշեց «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում:

«Երբ խոսում ենք հաստատված խաղաղության մասին, պետք է հասկանանք, որ հիմնական սկզբունքները համաձայնեցված են, խաղաղության պայմանագիրը նախաստորագրված է, բայց մնում են հարցեր, որոնք դեռ ենթակա են կարգավորման: Այդ հարցերից մեկը հենց երկու հասարակությունների միջև կապերն են։ Նաև պետք է ընդունենք, որ այդ հաշտեցումը ժամանակ է պահանջում, այդ հաշտեցման կարիքը կա, բայց հասարակությունների ամբողջական հաշտեցման բացակայությունը նաև պայմանավորված է հոգեբանական խորը տրավմաներով, վերքերով, որոնք դեռ շատ թարմ են, հաղթահարելու խնդիր կա, ժամանակ է պահանջում»,- ասաց Միրզոյանը:

Նախարարն այս համատեքստում նշեց, որ մեծ ուշադրություն են դարձնում քաղհասարակության ներկայացուցիչների փոխայցերին:

«Շաբաթներ առաջ տեղի ունեցան շփումներ քաղհասարակության ներկայացուցիչների միջև Հայաստանում, այս լսարանում ունենք փորձագետներ Ադրբեջանից, այդպիսի միջոցառումներ պետք է լինեն Ադրբեջանում, պետք է ներկայացուցիչներ լինեն Հայաստանից: Սա է ճանապարհն այդ երկխոսությունը նաև հասարակությունների միջև զարգացնելու համար»,- ասաց Միրզոյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն