civilnet.am Խաղաղությանը միտված բոլոր գործընթացների շուրջ կա դավադրաբանական տարբեր վարկածներ, մանիպուլյացիաներ, հաճախ միտումնավոր, ուղղորդված այլ աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից՝ խաթարելու խաղաղության գործընթացը։ Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 5-ին «Օրբելի ֆորում»-ի ժամանակ։
«Հիմա, իմ խորին համոզմամբ, կա մի հստակ երաշխիք։ Եվ դա որևէ երրորդ երկրի մասնակցությունը չի։ Դա ամենևին զանազան խաղաղապահները, առաքելությունները չեն։ Այդ երաշխիքը հետևյալն է․ այն, ինչի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել և ձեռք կբերվի՝ ձեռնտու է, շահավետ է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և՛ տարածաշրջանի մյուս երկրներին»,- ասաց Միրզոյանը։
Նախարարի կարծիքով՝ այս փոխշահավետությունն է, որը հարատևություն, երկարատև կյանք է հաղորդելու խաղաղության համաձայնագրին։
«Հայաստանը շահագրգռված չի լինելու խախտել այդ պայմանագիրը կամ պայմանավորվածությունը, Ադրբեջանը, իմ պատկերացմամբ, շահագրգռված չի լինելու խախտել այդ պայմանավորվածությունը»,- ասաց նախարարը։
Ըստ Միրզոյանի՝ այն հնարավորությունը, որ ստեղծվում է Հայաստանի համար՝ փոխկապակցվածությունը միայն Հայաստանին և Ադրբեջանին չի կապելու։
«Իմ խորին համոզմամբ, խաղաղությունը՝ ի թիվս բոլոր այլ դրական արդյունքների և հնարավորությունների, խաղաղությունը հնարավորություն է տալիս և՛ Հայաստանի, և՛, կարծում եմ, և՛ Ադրբեջանի համար էականորեն ավելացնել իրենց ինքնիշխանությունը»,- նշեց Միրզոյանը։
Նախարարի խոսքով՝ որևէ կոնֆլիկտ, որևէ հակամարտություն պարարտ հող է ստեղծում երրորդ երկրների կամ աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից՝ իրենց շահերը հետապնդել այդ հակամարտության մեջ, լծակներ ձեռք բերել կամ ուժեղացնել իրենց լծակները հակամարտության կողմերի վրա և այլն։
«Քաղաքական իմաստով և ռազմաքաղաքական իմաստով, մենք կարողանալու ենք և արդեն կարողանում ենք ամրապնդել մեր ինքնիշխանությունը»,- ասաց նախարարը։