Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից «Գյոյչա» անվանման գործածումը Սևանի մասին խոսելիս չի տեղավորվում խաղաղության խոսույթում:
Այս մասին «Օրբելի» ֆորումի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Չեմ ուզում ոչ մեկի փաստաբանությունն անել, բայց ձևակերպումն այսպես էր՝ «ցարական քարտեզներում չկա Սևան, կա Գյոյչա»։ Չեմ կարծում, թե սա կարելի է ասել, որ «այսօր չկա Սևան, կա Գյոյչա»։ Միևնույն է, ամենակառուցողական ձևակերպումը չէ, չէինք ասի, որ տեղավորվում է խաղաղության նարատիվի մեջ»,- ասաց Միրզոյանը:
Նա նշեց, որ ինքն էլ կարող է ասել՝ կան բազմաթիվ ցարական շրջանի քարտեզներ, որտեղ կա Սևան. «Չեմ ուզում պատմությամբ ավելի հետ գնալ, որովհետև շատ անհարմար իրավիճակ կարող է ստեղծվել և հայկական տեղանուններ տեսնենք ավելի լայն տարածքի վրա»:
Միրզոյանը հորդորեց խոսել իրական Հայաստանի, այսօրվա Հայաստանի՝ Ադրբեջանի կողմից ճանաչված սահմանների մասին։
Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը նոյեմբերի 3-ին հայտարարել էր, թե 20-րդ դարի սկզբի ռուսական հին կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանունները ադրբեջանական ծագում ունեն. «Սևանա լիճ չկա, բայց կա Գյոյչա լիճ։ Այդ քարտեզները մենք չենք կազմել, դրանք կազմել է ցարական Ռուսաստանը, որը մի ժամանակ Իրանից և Արևելյան Անատոլիայից հայերին վերաբնակեցրել է Ղարաբաղում՝ էթնիկ կազմը փոխելու համար»:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքել էր, թե պատմական փնտրտուքների մեջ ընկնելու պարագայում կարող է այնպես ստացվել, որ ինչ-որ մեկն իր հայրենիքը գտնի Ալթայում։ Իսկ ԱԺ փոպնախագահ Ռուբեն Ռուբինյանը նշել. «Եթե բավականաչափ հետ գնանք, ինչ-որ մի կետում իրոք հին քարտեզներում չենք տեսնի Սևան անվանումը: Փոխարենը կտեսնենք Գեղամա ծով կամ Գեղարքունյաց ծով: Ու չենք տեսնի Ադրբեջան»: