armenpress.am Ամերիկայի Միացյալ Նահանգները չի ունենալու վերահսկողություն TRIPP նախագծի շրջանակում Հայաստանի տարածքում վերագործարկվող ենթակառուցվածքների նկատմամբ:
Այս մասին Միրզոյանը նշեց «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում:
«Մենք մանրամասները բանակցում ենք, իմ պատկերացմամբ՝ կլինի հայ-ամերիկյան ինչ-որ ձեռնարկություն, որը կկառուցի երկաթուղին և կզբաղվի ամենօրյա կառավարմամբ: Սա չի նշանակում ենթակառուցվածքի նկատմամբ ամերիկյան վերահսկողություն: Բոլոր այն հարցերը, որոնք վերաբերելու են ինքնիշխանությանն ու իրավազորությանը, լուծված են, լինելու է Հայաստանի ուղիղ ինքնիշխանությունն այդ ենթակառուցվածքի նկատմամբ, գործելու է Հայաստանի ուղիղ իրավազորությունը, դա ստորագրված և հրապարակված է»,- ասաց Միրզոյանը:
Արտաքին գործերի նախարարը նշեց՝ հենց այս սկզբունքն է, որ չի անհանգստացնում Իրանին և Ռուսաստանին:
«Ամերիկյան ներկայությունը տարածաշրջանում նոր չէ, Հայաստանում էլի կան ընկերություններ, որոնք ունեն ամերիկյան մասնակցություն, կա նաև արգենտինական ընկերություն, ֆրանսիական, չինական, դրանցից շատերն ունեն շատ խոշոր մասնակցություն էական ենթակառուցվածքներում: Այն, ինչի մասին խոսում ենք, որ պետք է Հայաստանին ու Ադրբեջանին կապող երկաթուղին վերակառուցվի, իհարկե, շատ մեծ քաղաքական ուշադրություն է հրավիրում: Շատ լավ է, որ այնպիսի երկիր, ինչպիսին է Միացյալ Նահանգները, հետաքրքրություն ունի։ Սա նաև տնտեսական բաղադրիչ ունի, բացի այդ՝ քաղաքական նշանակություն ունի, նաև խաղաղության երաշխիքներից մեկն է դառնում: Սրա համար էլ մտահոգություններ չեն հնչել պաշտոնական Թեհրանից կամ Մոսկվայից: Ե՛վ Իրանն է հետաքրքրված այս փոխկապակցվածությամբ, և՛ Ռուսաստանի Դաշնությունը»,- նշեց նախարարը:
Արարատ Միրզոյանը հիշեցրեց՝ Հայաստանի տարածքում կա երկաթուղի, որի կառավարումն իրականացնում է ռուսական ընկերություն:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակագիր էին ստորագրել, որի կետերից մեկով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (կամ TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։