news.am Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը։ Նշենք, որ նիստի մասին նախապես հայտարարված չի եղել, միայն երեկ երեկոյան են տեղյակ պահել, որ այսօր կկայանա դատական նիստը։
Դատավորը հայտարարեց, որ երեկ ուշ երեկոյան հանրային մեղադրող Ծովակ Մնացականյանը միջնորդություն է ներկայացրել մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց նաև բացակայելու արգելք կիրառելու մասին։
«Այդ իսկ պատճառով հրատապության կարգով այսօր դատական նիստ է նշանակվել՝ քննելու նշված միջնորդությունը»,- ասաց դատավորը։
Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ռուբեն Հակոբյանն ասաց, որ եթե քննարկվելու է խափանման միջոցի հետ կապված հարց, ապա ինքն առաջարկում է այն անցկացնել դռնփակ. «Նախկինում էլ ենք մեր դիրքորոշումը ներկայացրել. եթե խափանման միջոցը վերացնելու հիմնավորումները գտնում էինք, որ կապված էր նաև վարույթի մասնակցի մասնավոր կյանքին, հետևաբար նույն դիրքորոշումն ունենք՝ խնդրում ենք նիստն իրականացվի դռնփակ»,- ասաց փաստաբանը։
Դատավորը որոշեց նիստն անցկացնել դռնփակ։
Ըստ մեղադրանքի՝ Սերժ Ազատի Սարգսյանը 2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007 թվականի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն՝ հանդիսանալով ՀՀ կառավարության անդամ, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ իրականացնելով զինված ուժերի անմիջական ղեկավարումը, ՀՀ կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին ՀՀ նախագահի 16.03.2002թ. համար ՀՆ-1064 հրամանագրի համաձայն՝ հանդիսանալով պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականության մշակումն ու իրականացումն ապահովող հանրապետական գործադիր մարմնի ղեկավար, իրավասու է եղել ղեկավարել, կազմակերպել և վերահսկել ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող մարմինների և կազմակերպությունների գործունեությունը, վերահսկել նախարարության կողմից պետական գույքի տնօրինումը, տիրապետումը և օգտագործումը, իր իրավասության սահմաններում ընդունել և օրենքով սահմանված կարգով հրապարակել գերատեսչական իրավական ակտեր, արձակել հրամաններ, տալ ցուցումներ, առանց լիազորագրի հանդես գալ Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալ նշված սուբյեկտների անունից հանդես գալու լիազորագրեր, այդպիսով պետական մարմնում մշտապես իրականացրել է կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ և հանդիսացել է պաշտոնատար անձ։