Առողջապահության նախարարը հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին

«Մեծ ցանկություն ունենք ամրապնդելու առողջապահության ոլորտում մեր համագործակցությունը, որի շրջանակում նոյեմբերի վերջին մեր երկու երկրների առողջապահական գերատեսչությունների միջև ստորագրվելու է 2026-2027 թվականների համագործակցության զարգացման միջոցառումների ծրագիրը: Փոխգործակցությունը վերջին տարիներին այլ մակարդակի է հասել, քանի որ այս ուղղությամբ քաղաքականությունը շատ համահունչ է: Բացի այդ, մեր երկրների զարգացման տեսլականն էլ միանման է, ինչն առավել սերտացնում է հարաբերությունները թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափով»,- նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի հետ հանդիպմանը:

Մանրամասնելով հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները` առողջության առաջնային պահպանման օղակում իրականացվող բարեփոխումներ, բժշկական օգնության որակի բարելավում, մասնավորապես` ուռուցքաբանության ոլորտում, դեղերի և բժշկական տեխնոլոգիաների բնագավառում փորձի և գիտելիքի փոխանակում, թվային առողջապահություն, համընդհանուր առողջապահական համակարգի ներդրման գործընթացքում խնդիրների և հաջողությունների քննարկում, ինչպես նաև ոլորտային համատեղ միջոցառումների, այդ թվում` բժշկական անձնակազմի վերապատրաստումների կազմակերպում, նախարարը վստահություն է հայտնել, որ համագործակցությունը արդյունավետ կշարունակվի:

Դեսպանը կարևորել է Հայաստանի հետ փոխգործակցությունը, շնորհակալություն հայտնել ոլորտում իրականացվող փոխշահավետ աշխատանքի համար, նաև ընդգծել, որ հարաբերությունները դինամիկ զարգանում են` անցնելով պատմական նոր փուլ: Նա հատկանշել է, որ առողջապահության տարբեր բնագավառներում Հայաստանի մասնագետները մեծ ավանդ ունեն միջազգային մակարդակում` ռինոպլաստիկա, սրտանոթային հիվանդությունների բուժում, ռադիոթերապիա և այլն:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել սերտացնելու կապերը ոլորտի տարատեսակ ուղղություններով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն