civilnet.am «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ հատվածում աշխատող իրանական ընկերության աշխատանքի տեմպերը զարմացրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա իր զարմանքն արտահայտեց կառավարության նոյեմբերի 6-ի նիստին, որի ընթացքում հաստատվեց այդ հատվածի աշխատանքների շարունակությունն ապահովող նախագիծ։
«Հյուսիս-հարավ նախագիծը մեր աչքի առաջ սկսում է բյուրեղանալ և ավելի շոշափելի դառնալ, Ագարակ-Քաջարան հատվածի մեր շինարարը, որը իրանական ընկերություն է, այնպիսի տեմպ է ցույց տալիս, որը մեզ անծանոթ է»,- ասաց Փաշինյանը։
Ըստ նրա՝ շինարարության տեմպերն այնքան լավ են, որ «տարբեր տեղերից կառավարությունն այդ արձագանքը ստանում է»։ Փաշինյանի խոսքով՝ «Հյուսիս-հարավի» մեկ այլ՝ Երևան-Գյումրի հատվածը դե ֆակտո այս տարի կավարտվի, իսկ գարնանը ամբողջությամբ պատրաստ կլինի, այդ թվում՝ ճանապարհի կահավորումը։
Կառավարության նիստին այսօր հաստատված նախագծով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող վարկային ծրագրերի միջև կատարվում են մի շարք վերաբաշխումներ և փոփոխություններ։ Գործադիրը հատկացնում է հավելյալ 8,4 մլրդ դրամ գումար՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Տրանշ 4-ի անխափան իրականացման համար։