Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 13։09-ին։
Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը հայտնել է, որ հրդեհի բռնկման պատճառները չեն կարող այս պահին ասել՝ ընդգծելով, որ այս պահին բաց կրակ չկա, և հրդեհի տարածումը կանխվել է: Նրա խոսքով՝ այս պահին «խիստ նախնական տվյալներով տուժածներ չկան», իսկ վնասների մասին տեղեկություն կարող են տալ աշխատանքների ավարտից հետո:
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սրագսյանն էլ հայտնել է, որ ծխահարության հետևանքով երկու փրկարար առաջին բուժօգնության է դիմել, ապա վերադարձել իր աշխատանքին: Նա մեկնաբանեց նաև, թե ինչու են մի երիտասարդի նստեցրել ոստիկանական մեքենան: Սարգսյանի խոսքով՝ քաղաքացին անադեկվատ վարքագիծ է դրսևորել, այդ պատճառով նրան տեղափոխել են այլ տարածք:
Հրդեհի օջախ հանդիսացող սննդի կետի ներկայացուցիչ Լեոնիդ Մաթևոսյանն էլ հայտնել է, որ աշխատակիցները ծխի հոտ են զգացել, հետո դրսից բոց են տեսել, տեղում հոսանքազրկել են և լքել են տարածքը: Նրա խոսքով՝ մի պատասխանատու աշխատակից փորձել է կրակը մարել, բայց տեսել է, որ հնարավոր չէ. այդ ընթացքում էլ զանգվել է 911 ծառայություն:
Հարցին, թե դրսում բռնկված հրդե՞հն է աշխատակիցը փորձել մարել, Մաթևոսյանը դրական է պատասխանել՝ նշելով. «Կարող եք ներսում նայել, կրակի որևէ հետք չկա: Մնացածը փորձաքննությունը ցույց կտա»:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 11։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։
Նախ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք, իսկ ավելի ուշ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ» և դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս տաս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ԵՓՎ, ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների, Հոգեբանական աջակցության և Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։