ՀՀ Ազգային ժողովից հայտնում են, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ նոյեմբերի 6-ին, ընդունել է Սաուդյան Արաբիայի Թագավորության Խորհրդատվական խորհրդի Սաուդյան Արաբիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ալի Մուհամմադ Ալ-Շահրանիի գլխավորած պատվիրակությանը:
Հաղորդվում է, որ զրուցակիցների քննարկումների առանցքում է եղել երկկողմ հարաբերությունների սերտացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ ներառելով ինչպես քաղաքական հարաբերությունների զարգացմանը, այնպես էլ երկկողմ տնտեսական հետաքրքրություններին վերաբերող թեմաները:
«Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին վերաբերող հարցերին` հատուկ ուշադրություն դարձնելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
Պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ շրջել են նաեւ Ազգային ժողովի շենքում` ծանոթանալով շենքի պատմությանն ու պայմաններին»,- ասված է հաղորդագրությունում։