Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր Քննչական են հրավիրել ու մեղադրանք առաջադրել վեց տարվա վաղեմության ցուցմունքներով, որոնք դեռ ժամանակին համարվել են սխալ թարգմանության հետևանք, տեղեկացնում է նախկին նախագահի գլխավորած Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«2019 թվականին ողորմած Միքայել Բաղդասարովի հարցաքննությունների ընթացքում նախաքննական մարմինը սխալ թարգմանությամբ կորզել էր որոշակի ցուցմունքներ երրորդ նախագահի դեմ: Երբ որ առերեսվել են Բաղադասարովն ու Սերժ Սարգսյանը, պարոն Բաղդասարովը հրաժարվել է ու ասել, որ սխալ թարգմանության արդյունքում են տեղ գտել զավեշտալի մեղադրանքները: Այս թեման մեռել էր, չկար ընդհանրապես: Այսօր Սերժ Սարգսյանին վերագրված դրվագը դատարան ուղարկված փաթեթի մեջ էլ չկա», – մանրամասնել է Աշոտյանը:
Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդը չորս գործով մեղադրյալ է, որ միացել ու դարձել է երկու վարույթ: Մեղադրող կողմը պահանջել էր, որ Սարգսյանի նկատմամբ կիրառվի երկրից բացակայելու արգելքը, երկու վարույթով էլ դատավորները երեկ մերժել են: Այսօր Բաղդասարովի հետ կապված ցուցմունքներով, որոնց իսկությունը նրա կենդանության օրոք հերքվել էր, նոր մեղադրանք են առաջադրել ու արգելել երկրից բացակայել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսած Սերժ Սարգսյանին:
Հակակոռուպցիոն կոմիտեն այս տարվա հուլիսի սկզբին հաղորդեց, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և օրենքով սահմանված արգելքին հակառակ՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար, երրորդ նախագահի դեմ չորրորդ գործն ուղարկվեց դատարան:
Վերջին գործով, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, նախկին նախագահը նպաստել է, որ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող գործարար Միխայիլ Բաղդասարովն ու նրա ընկերությունները ներգրավվեն արտասահմանյան ներդրումներով կառուցվող բիտումի գործարանի հիմնադրմանը։