Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիր․ հակիրճ նկարագրություն

Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների Հայաստան այցի ընթացքում՝ նոյեմբերի 5-ին, հայկական կողմին պաշտոնապես փոխանցվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Գործողությունների ծրագիրը ներառում է 74 հենանիշ (benchmark), որոնք բաժանված են չորս հիմնական ուղղությունների՝

  1. Փաստաթղթերի անվտանգություն՝ ներառյալ կենսաչափական համակարգ,
  2. Սահմանների համալիր կառավարում, միգրացիայի կառավարում և ապաստան,
  3. Հասարակական կարգ և անվտանգություն, այդ թվում՝ կազմակերպված հանցավորության, թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կոռուպցիայի դեմ պայքարը,
  4. Արտաքին հարաբերություններ և հիմնարար իրավունքներ:

 

Գնահատումը կիրականացվի երկաստիճան ձևաչափով՝

  • իրավական և քաղաքական շրջանակի ձևավորում,
  • դրանց գործնական իրականացում և կիրառություն:

 

Գործողությունների ծրագրով առանձնացված և առաջնահերթություն համարվող ուղղություններից են՝

– Փաստաթղթերի անվտանգության համալիր էկոհամակարգի ստեղծում, այդ թվում՝ նոր սերնդի կենսաչափական անձնագրերի տրամադրում, անձի նույնականացման մեխանիզմների ամրապնդում,

– ՀՀ քաղաքացիության օրենսդրության վերանայում,

– Սահմանների համալիր (ինտեգրված) կառավարում՝

  • սահմանային ստուգումների և հսկողության կատարելագործում
  • տվյալների փոխանակման և համագործակցության ամրապնդում
  • ռիսկերի վերլուծության և պրոֆիլավորման արդյունավետ մեխանիզմների ներդրում
  • սահմանապահ աշխատակիցների կարողությունների զարգացում,

 

– Վերադարձի և վերաինտեգրման համակարգերի ամրապնդում՝

  • հետընդունման և վերաինտեգրման մեխանիզմների հզորացում
  • Հայաստանի տարածքում անկանոն կարգավիճակում գտնվող երրորդ երկրների քաղաքացիների վերադարձման արդյունավետ մեխանիզմներ,

 

– Ներքին անվտանգության համակարգերի բարելավում՝

  • հանցավորության կանխարգելման և դրա դեմ պայքարի ռազմավարության ընդունում, իրականացում
  • իրավապահ համակարգի արդյունավետության բարձրացում,

 

– Կոռուպցիայի դեմ պայքարի հզորացում, այդ թվում՝

  • հակակոռուպցիոն ռազմավարության արդյունավետ կիրարկում
  • կանխարգելիչ և քննչական գործիքակազմի ընդլայնում,

 

– Հակախտրականության օրենսդրության հզորացում և կիրառություն՝ ապահովելով համընդհանուր հավասարություն,
– Անձնական տվյալների պաշտպանության համակարգի համապատասխանեցում ԵՄ չափանիշներին,
– Տեղեկատվական փոխանակման և համագործակցության խորացում ԵՄ կառույցների հետ, ներառյալ՝ Եվրոպոլի (Europol), ԵՄ սահմանային և առափնյա գործակալության (Frontex),

– Հանրային իրազեկման բարձրացում՝

  • հանրությանը տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն վիզաների ազատականացման գործընթացի, պարտավորությունների և սահմանափակումների մասին
  • կանխել ապատեղեկատվության տարածումը,

 

– Մարդու իրավունքների պաշտպանության ուժեղացում, հատկապես՝

  • փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովում
  • խոցելի խմբերի պաշտպանության մեխանիզմների կատարելագործում։

 

Գործընթացի դրական գնահատման վերջնարդյունքում՝ ՀՀ քաղաքացիներին տրամադրվելու է Եվրամիության երկրներ առանց վիզայի ճամփորդելու հնարավորություն։ Այս ռեժիմի համաձայն՝ կենսաչափական անձնագրով ՀՀ քաղաքացիները կարող են առանց վիզայի մուտք գործել Շենգենյան տարածք կարճաժամկետ այցերի համար։ Իրավակարգավորումը վերաբերելու է C տեսակի կարճաժամկետ շենգեն վիզային՝ յուրաքանչյուր տարվա մեջ 180 օրվա ընթացքում 90 օր գտնվելու իրավունքով:

Հիշեցում. ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը պաշտոնապես մեկնարկել է 2024 թ․ սեպտեմբերի 9-ին։ 2025 թ. ընթացքում ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի (ԳԾ) մշակման նպատակով Հայաստան են ժամանել ԵՄ փորձագիտական երկու առաքելություններ։ Այդ առաքելությունների զեկույցների արդյունքում Եվրոպական հանձնաժողովը կազմել է նախագիծ, որը ներկայացվել է ԵՄ անդամ պետությունների հաստատմանը։ ԵՄ անդամ երկրների առաջարկներով փաստաթուղթը վերջնականացվել է և փոխանցվել հայկական կողմին: Վիզաների ազատականացման գործընթացի համակարգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ ՆԳ նախարարության կողմից՝ համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն