Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագն այսուհետ կլինի «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Վարազդատ Հարոյանի՝ հավաքականում ելույթներն ավարտելու մասին հայտարարությունից հետո գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի որոշմամբ՝ Հայաստանի ազգային հավաքականի ավագ էր նշանակվել «Սլովան»-ի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։
Վերջինս աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Իռլանդիայի հավաքականի դեմ խաղի ժամանակ մրցակցին գլխով հարվածելու համար կարմիր քարտ էր ստացել ու հեռացվել խաղադաշտից։ Հայաստանի հավաքականն այդ խաղում պարտություն է կրել նվազագույն հաշվով։
Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է երեք խաղով ու չի մասնակցի հավաքականի առաջիկա խաղերին Հունգարիայի և Պորտուգալիայի հավաքականների դեմ, ինչպես նաև բաց կթողնի հավաքականի ևս մեկ պաշտոնական հանդիպում։
Նա ավելի վաղ հայտարարել է. «Ցավոք, իմ վերջին խաղում, տրվելով էմոցիաներին, սխալվեցի: Շատ եմ ափսոսում, որ առաջիկա կարևոր խաղերում չեմ կարողանալու լինել դաշտում ու օգնել թիմակիցներիս: Մեր ազգային թիմը միշտ պայքարում է մինչև վերջ և վստահ եմ` տղաներն ամեն ինչ կանեն ամբողջ սրտով ու ամբողջ ուժով: (…) Այսօր առանձնապես գնահատում եմ մեր թիմի միասնությունը: Մեր թիմում ձևավորվել է առողջ ու միավորված միջավայր, որտեղ նման դժվարություններն անցնել ավելի հեշտ է»: